200 հիվանդ սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին

200 հիվանդ սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին: «Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությունը եղել է ուշացումով, ռեակցիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:

Վարչապետն ընդգծել է, որ այսօր պարետատան նիստին ընդհուպ մոտեցել են տոտալ և անվերապահ արգելափակման կամ լոքդաունի որոշում կայացնելու եզրին, բայց քննարկումների արդյունքում նկատել են, որ դա չի բերելու ցանկալի արդյունքների: «Դա ցանկալի որոշում չէ: Ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլ առավելապես այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է բերել ցանկալի արդյունքների: Արդեն վերջին օրերի ֆլեշմոբով համոզվել ենք, որ գործ ունենք սահմանված կանոնների այնպիսի մի համընդհանուր չպահպանման հետ, որ եթե մենք հիմա ՀՀ բնակավայրերի սահմանները փակենք, այդ չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր, բակեր, հարևանների տներ: Արդյունքում մենք հարվածելու ենք տնտեսության ողնաշարին ու որևէ արդյունք չենք ունենալու, իսկ լոքդաունը բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 600-700 նոր դեպքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արձանագրել, որ հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով: «Սրա գոնե միջնաժամկետ լուծումը կարող է լինել մի բան, որ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանի Հանրապետությունում, մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի պակասի պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է և չպետք է վարակի մյուսներին»,— ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների հետ կապված նախկինում արած իր գնահատականը։ «Նրա այսօրվա գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր կայացրած որոշումներին: Ուրեմն տոտալ հակահամաճարակային շարժման խնդիրներից մեկը պետք է լինի չեզոքացնել հակաքարոզչությունը հակահամաճարակային գործողությունների վերաբերյալ և իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանն իր հակահամաճարակային քայլերի մեջ: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք, թեկուզ դժոխքի միջով քայլելիս, պետք է դուրս գանք հակառակ կողմից: Մենք արդեն հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է: Բայց ես ուզում են նաև ասել, որ կառավարությունն այս իրավիճակում երկու քայլ է անում. առաջինը ուղիղ, անկեղծ խոսում և հաղորդակցվում է հանրության հետ, ներկայացնում է ճշմարտությունը, երկրորդ՝ բոլոր միջոցները ձեռնարկվում են հիվանդանոցային մահճակալային և վերակենդանացման տեղերն ավելացնելու համար»,— ընդգծել է վարչապետը։

wp-apeth