Զարուհի Փոստանջյանը ամուսնու մեքենայի հրկիզման դեպքի առթիվ դիմել է Գլխավոր դատախազին եւ ՄԻՊ–ին

Զարուհի Փոստանջյանը ամուսնու մեքենայի հրկիզման դեպքի առթիվ դիմել է Գլխավոր դատախազին եւ ՄԻՊ–ին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը  դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՄԻՊ Արման Թաթոյանին՝ 4 օր առաջ Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում, իր ամուսնու ավտոմեքենայի հրկիզման դեպքի առթիվ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրավապահ մարմինները տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը) քայլեր չեն  կատարել:

Դիմումի մեջ ասվում է.

«2021 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 3:30 սահմաններում, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում` Բարեկամության մետրոյի հարեւանությամբ՝ շուրջ 500 մետր, Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում (Երեւան, Կասյան 12 հասցե), Երեւանի Արաբկիր համայնքը բնական գազ ապահովող գազատար խողովակի անմիջապես կողքին տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` կայանված ավտոմեքենայի պայթյուն եւ հրկիզում: Դիզելային շարժիչով աշխատող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առաջին հատվածը գրեթե մոխրացել է: Ավտոմեքենան պատկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնուն` բժիշկ Սուրեն Դրամփյանին: Դեպքը տեղի է ունեցել Զարուհի Փոստանջյանի տան բակում:

Պայթյունից եւ հրդեհից անցել է շուրջ 100 ժամ (4 օր), սակայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, իր առաջնային պարտականությունը՝ մասնավորապես տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը) չի կատարել:

Մոխրացած ավտոմեքենան եւ նրա կողքին կայանված մեկ այլ ավտոմեքենա, որի հետնամասը նույնպես այրվել է ահաբեկչական ակտի պատճառով՝ ոստիկանության պահանջով շարունակում է գտնվել դեպքի վայրում:

Ահաբեկչական ակտի հետեւանքով պատճառվել են բարոյական եւ նյութական վնասներ: Սակայն իրավապահ մարմինները պետության կողմից ճանաչված համապատասխան ընթացակարգերի՝ տուժողներին դատավարական կարգավիճակ չեն տվել եւ չեն տրամադրվել նրանց պաշտպանության միջոցներ։

Համադրելով փաստերը ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը իր պարտականությունը ահաբեկչության դեմ պայքարում ոչ միայն չի կատարում, այլեւ դրսեւորելով անգործություն` ըստ էության հովանավորում է ահաբեկչությունը՝ առաջացնելով հասարակության շրջանում վախի եւ անհանգստության մթնոլորտ ներկայի եւ ապագայի, իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության համար, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Երեւանի բնակելի մասում հատուկ վտանգ ներկայացնող պայթեցնող եւ հրկիզող նյութերի (զենքի) կիրառմամբ իրականացված ահաբեկչական ակտի վերաբերյալ քննություն չիրականացնելը պետության պարտականություններից հրաժարում է:

Առ այս պահը Հայաստանի Հանրապետության բնակչությանը ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնապես պարզաբանում չի տրամադրվել առնվազն` հանցագործության կատարման նախնական կանխավարկածի վերաբերյալ եւ հանցագործությունը բացահայտելուն ուղղված գործողությունների վերաբերյալ (ինչո՞ւ չի հարուցվել քրեական գործ եւ չի իրականցվել համալիր փորձաքննություն):

Կարող ենք փաստել, որ Երեւանում բնակվող եւ աշխատող քաղաքական եւ հասարակական գործիչները դարձել են ահաբեկչության թիրախ:

ֆիզիկական անվտանգության տեսանկյունից Երեւանը, որը պետք է դիտարկվի որպես հակաահաբեկչական պաշտպանվածության ենթակա հատուկ օբյեկտ, չի դիտարկվում: Այսինքն պետության պարտավորությունների մերժումը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր ահաբեկչական ակտերի կատարման համար:

Ուստի դիմելով Ձեզ ակնկալում եմ գործուն միջամտություն սույն դիմումի մեջ բարձրացված խնդիրը հետապնդելու ուղղությամբ»։

wp-apeth