Երկու երիտասարդ գիտնական ազատվեցին պարտադիր զինծառայությունից

Երկու երիտասարդ գիտնական ազատվեցին պարտադիր զինծառայությունից

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Հենրիկ Աշոտի Պարսամյանին (ծնվ.՝ 18.06.1995 թ.) և Արթուր Յուրայի Ալեքսանյանին (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 29-ին): Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», ընդունված որոշումների հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

Հենրիկ Պարսամյանին ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ին N 796-Ա որոշմամբ տրվել է տարկետում՝ ուսումը ասպիրանտուրայում շարունակելու նպատակով: Ընդունվելով ԵՊՀ «Ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ ասպիրանտուրա նա զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ ֆոտոնիկայի, օպտիկայի և միկրոալիքային ճարտարագիտության ոլորտներում:

2018թ. դարձել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «PMI Science»-ի կողմից համատեղ տրամադրվող ասպիրանտների աջակցության ծրագրի տասը հաղթողներից մեկը՝ ինֆրակարմիր ճառագայթման կլանմանը նվիրված ուսումնասիրություն կատարելու համար:

2018-2019 թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունների համատեղ «MES-BMBF Call 2016 STC» GE-027 ծածկագրով «Պլազմոնային սենսորների հատկությունների բարելավում նանոխորանարդների որոշակի դասավորվածությունների միջոցով» ծրագրի հայկական հետազոտական խմբի անդամ։

2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի մարտը համատեղության կարգով հետազոտություն է իրականացրել Կորեայի Հանրապետության Սեուլի Սոգանգ համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի «Միկրոալիքային ֆոտոնիկայի» լաբորատորիայում՝ նվիրված միկրոալիքային տեխնոլոգիաների միջոցով արյան գլյուկոզի կոնցենտրացիայի չափումներին։

2021 թվականի մայիսի 29-ին կայացել է ատենախոսությանս պաշտպանությունը ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈԿ-ի 049 Ֆիզիկայի մասնագիտական խորհրդում և խորհրդի որոշմամբ շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ասպիրանտուրայի առաջին տարուց սկսած Հ. Պարսամյանը զբաղվել է գիտական, գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ։ Ունի իր համահեղինակությամբ տպագրված 9 հոդվածներ, որոնցից 5-ը ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ամսագրերում․ «Applied Optics», «Journal of the Optical Society of America B», «Optics Communications» և «Applied Physics A»:

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում դասավանդում է «Էլեկտրամագնիսական պրոցեսների մոդելավորում», «Միկրո և նանո համակարգերի մոդելավորում» և «Օպտիկական կապի համակարգեր» դասընթացները։

Արթուր Ալեքսանյանը ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Տեսական ֆիզիկայի»լաբորատորիայում՝աշխատելով որպես լաբորանտ:

Գիտական և գիտահետազոտականգործունեությունն առնչվում է լազերային ֆիզիկայի տեսական խնդիրների անալիտիկ լուծմանը և թվային մոդելավորմանը, մասնավորապես ալկալի ատոմների վրա հիմնված քվանտային փականների, փոխազդեցության տարբեր ռեժիմներում ատոմական բնակեցվածությունների և մագնիսական դաշտի ազդեցությամբ զեեմանյան ճեղքված ալկալիական ատոմի դիպոլային մոմենտների ուսումնասիրմանը:

Ա. Ալեքսանյանը 2021-ի հունիսի 19-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 049 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ատոմական անցումների և բնակեցումների ղեկավարումը լազերի հաճախության ծրման արագությամբ և մասնագիտական դաշտով» թեմայով:Հանդիսանալով Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի ասպիրանտ իրականացրել է գիտամանկավարժական գործունեություն:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

wp-apeth