Պետական բյուջեն կատարվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ

Պետական բյուջեն կատարվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 5-ին մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որը վարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Ներկա է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Բացման խոսքով հեռավար հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի կատարողականի առնչությամբ ելույթներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Կենտրոնական բանկի եզրակացությունը կատարողականի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի 2019 թվականի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների  վերաբերյալ ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հայտնել է, որ 2019 թվականին պետական բյուջեն կատարվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ,  այն նպաստել է պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի` տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը:

Նշվել է, որ տարվա ընթացքում Կենտրոնական բանկն իրականացրել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն:

Փաստաթղթի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է կառույցի նախագահ Լեւոն Յոլյանը: Նա նշել է իր ղեկավարած կառույցի հայտնաբերած այն խնդիրները, որոնք օրենսդրական ճանապարհով կարգավորման կարիք ունեն: Նշված խնդիրների լուծման համար Հաշվեքննիչ պալատի նախագահը մի շարք առաջարկներ է ներկայացրել: Հաշվեքննիչ պալատի նախագահն անդրադարձել  է հայտնաբերած թերություններին, նշել նաեւ արձանագրված դրական փոփոխություններն ու առաջընթացը:

Հաշվեքննիչ պալատը դրական է գնահատել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

wp-apeth