Պետական պարտքը կազմում է 7 մլրդ 324 մլն ԱՄՆ դոլար
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 5-ին մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որը վարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Ներկա է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Բացման խոսքով հեռավար հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի կատարողականի առնչությամբ ելույթներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2018 թվականի համեմատ 2019 թվականին Հայաստանի տնտեսությունն ավելի արագ տեմպերով է աճել` արձանագրելով բարձր ցուցանիշներ: Մասնավորապես` արձանագրվել է 7,6 տոկոս տնտեսական աճ:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջետային եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, ծախսերին եւ պակասուրդին:
Ըստ խորհրդարանին ներկայացված կատարողականի` 2019 թվականին տնտեսության զարգացումն ընթացել է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով:
Գրանցվել է իրական ՀՆԱ-ի 7.6% աճ, ինչը 2.4 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում` ՀՆԱ-ի աճին դրական են նպաստել ծառայությունների (5.2 տոկոսային կետ), արդյունաբերության (1.9 տոկոսային կետ) եւ շինարարության (0.3 տոկոսային կետ) ճյուղերը` աճելով համապատասխանաբար 10.3%-ով, 10.2%-ով եւ 4.2%-ով, իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճի վրա ունեցել է բացասական ազդեցություն (0.5 տոկոսային կետ)` նվազելով 4%-ով:
Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի տնտեսության աճը հաշվետու տարում կազմել է 7,6 տոկոս այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է ընդամենը 2,9 տոկոսով: Միջին գնաճը կազմել է 1,4 տոկոս, միջին ամսական աշխատավարձը` 182,673 դրամ: Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ պետական հատվածում աշխատավարձերը շարունակել են ցածր մնալ. այդտեղ միջին աշխատավարձը կազմել է մոտ 162 հազար դրամ: Հանրապետությունում զբաղվածության թիվն աճել է 4,3 տոկոսով, գործազուրկների թիվը նվազել է 5,8 տոկոսով` կազմելով շուրջ 220 հազար մարդ:
Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,565.5 մլրդ դրամ եկամուտներ` ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97.3% կատարողական: ՀՀ պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 1,762.9 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,629.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 92.4%-ով, իսկ շեղումների ընդհանուր գումարի 47.5%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 52.5%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Պետական բյուջեն կատարվել է 63.9 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ծրագրված ցուցանիշի 41.6%-ը:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` մեր երկրի պետական պարտքը կազմում է 7 մլրդ 324 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարության պարտքը 6 մլրդ 835 մլն դոլար է, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է: Նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում եւ պարտքն ամբողջությամբ կառավարելի է:
Ընթացիկ տարում որոշ ոլորտներում արձանագրվել են կատարողականի թերակատարումներ, ինչը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով: