Վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր
Կորոնավիրուսի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հայտնում են Հայաստանի բանկերի միությունից:
ՀՀ առևտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաև ՀՀ կառավարության կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։
Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44.7 մլրդ դրամին համարժեք։
Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչև 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15.4 մլրդ ՀՀ դրամ (որից 7.3 մլրդ-ը մինչև 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր):
Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60.1 մլրդ դրամ։