Զինծառայողների հետ կապը կորելուց հետո նրանց մասին դեռ տեղեկություն չկա
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի՝ Արամայիս Տոռոզյանի և Արթուր Նալբանդյանի վերաբերյալ, որոնց հետ կապը կորել էր դեռ հուլիսի 14-ին: «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նրանց մասին դեռևս տեղեկություն չկա:
«Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշել են ՀՀ ՊՆ-ից:
Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը: Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի: