Պատմություն՝ մեր բոլորի մասին

Պատմություն՝ մեր բոլորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։ «Երկու օր առաջ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որի բերած տեղեկատվությունը ցույց է տալիս, թե ինչու է տեղի ունենում այս ամենը։ Պատասխանը միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների զանգվածային չպահպանումն է։ Արդեն հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իմ ֆեյսբուքյան էջում»,— ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ ամենի հետևանքով նկատվում է մի մտահոգիչ միտում։ «Հանրային վերահսկողության հարթակում հրապարակվող տեղեկատվությունը ատելության, քննադատության խոսքի առիթ է դառնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնց մասին կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում։ Սա անընդունելի է մի պարզ պատճառով, որովհետև այս պատմությունը մեր բոլորի մասին է։ Ցավոք, ինքս էլ վարակվել եմ վիրուսով, հետևաբար ինչ որ մի տեղ ինչ որ մի բան այնպես չեմ արել։ Այս հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց մեղադրելու համար է, այլ խնդիրը հնարավորինս խորը հասկանալու»,- շեշտել է վարչապետը։

Անդրադառնալով կորոնավիրուսը որպես հնարավորություն հայեցկարգին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այն բերում է մեր հանրության խորքում կարևոր փոփոխությունների։ «Կարծես դանդաղ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը հանրային համակեցության կանոնների, օրենքների, մեր սովորույթների նկատմամբ։ Համոզված եմ, որ այս ամենից հետո բոլորվին այլ կերպ կսկսենք վերաբերվել այդ ամենին, լավ իմաստով։ Ցավոք, դա տեղի է ունենում զոհերի գնով, և ես ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որտեղ կորուստ է արձանագրվել վիրուսի պատճառով»։

Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար։ «Նաև քննարկում ենք այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները, տնտեսական հնարավոր բեռը և այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ»,- ասալ է կառավարության ղեկավարը։

wp-apeth