Շարունակվում են բյուջետային քննարկումները

Շարունակվում են բյուջետային քննարկումները

«ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը հունիսի 3-ին քննարկվեց Արտաքին հարաբերությունների, Եվրաինտեգրման, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում:

Անդրադառնալով արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2020-ին սկզբնական ծրագրով ԱԳՆ-ի կողմից 6 ծրագրի, 18 միջոցառման իրականացման համար ենթակա էր օգտագործման 15.5 մլրդ դրամ: Տարվա ընթացքում ճշտված ծրագիրը կազմել է 17.1 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի ծախսվել է 16.85 մլրդ դրամ, կատարողականը եղել է 98.5 տոկոս: Ծախսերի մեջ հիմնարար կշիռ են ունեցել «Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպման» ծրագրի համար նախատեսված հատկացումները. ճշտված ծրագրով 12.1 մլրդ դրամի դիմաց օգտագործվել է շուրջ 11.9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.7 տոկոս:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրով 2.3 մլրդ դրամի դիմաց ծախսվել է 2.28 մլրդ դրամ կամ 97.3 տոկոս:

Միջազգային կազմակերպություններին անդամակցության ծախսերի համար ընդհանուր առմամբ նախատեսվել էր 3 մլրդ 396 մլն դրամ, փաստացի օգտագործվել է 3 մլրդ 324 մլն դրամ: ԱԳՆ աշխատակազմի պահպանմանն ուղղվել է 1.9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.1 տոկո:

Խոսելով ոչ նպատակային դրամաշնորհների մասին՝ զեկուցողը նշեց, որ 2020-ի ընթացքում համավարակով պայմանավորված՝ Կառավարությանը հաջողվել է Եվրամիության հետ բանակցությունների արդյունքում մինչ այդ հետաձգված դրամաշնորհային ծրագրերի շրջանակում միջոցներ հատկացնել արդեն 2020-ի տարեվերջին. «Եվրամիությունից որպես բյուջետային աջակցության դրամաշնորհ ստացվել է 68.7 մլն եվրո, որն արտացոլված է բյուջեի կատարման հաշվետվության մեջ»:

ԱԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը ներկայացրեց բնագավառի ծախսերը եւ կատարված ծրագրերը: Ըստ նրա՝ համավարակով պայմանավորված՝ մի շարք արարողակարգային միջոցառումների հետաձգման, գործուղման համար նախատեսված ծախսերի կրճատման արդյունքում խնայվել է 126 մլն դրամ:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի՝ համավարակով պայմանավորված՝ 2020-ի տարեկան գործողությունների ծրագրով ԵՄ բյուջետային եւ ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 65 մլն եվրո: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում հաշվետու տարվա ընթացքում Տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ընդունվել է 27 որոշում, 9 կարգադրություն, Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից՝ 7 որոշում եւ 27 կարգադրություն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝ 129 որոշում եւ 29 կարգադրություն եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից՝ 188 որոշում, 195 կարգադրություն, 35 առաջարկություն: «Ներկայացված թվերը ենթադրում են որոշումներ, իսկ ԵԱՏՄ կողմից բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: Հայաստանը բոլոր որոշումներում արտահայտել է իր իրավունքն ու ձայնը. որոշումները կայացվել են ի շահ մեր երկրի»,-եզրափակեց Սիմոնյանը:

wp-apeth