Ազգային ժողովը չի ընդունել մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը

Ազգային ժողովը չի ընդունել մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չի ընդունել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի՝ նախագծի ընդունումը բխում է նոր կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության աստիճանից եւ լրացնում է օրենսդրական բացը:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նախագծի կապակցությամբ արձանագրել է, որ երեկ Կառավարությունը հստակ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը: Ընդունելի համարելով նախագծի գաղափարը՝ այնուամենայնիվ Կառավարության կարծիքը մնացել է անփոփոխ՝ նկատի ունենալով նախագծի կապակցությամբ առկա ֆինանսական անորոշությունների բավականին բարձր մակարդակը:

Սմբատ Սաիյանն առաջարկել է նախագծի հեղինակին սահմանված կարգով այն վերադարձնել առաջին ընթերցման ռեժիմ՝ առաջարկությունների ներկայացման փուլ, եւ այդ ժամանակահատվածում համատեղ աշխատել, համապատասխան հաշվարկներ կատարել, ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակը որոշակիորեն զսպող կամ մեղմող մեխանիզմներ մշակել:

Նարեկ Զեյնալյանն ընդունելի է համարել Կառավարության առաջարկած տարբերակը:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

wp-apeth