Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 1994 թ. ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրի ստորագրման 27-ամյակի կապակցուևթյամբ:

«27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։

2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները։

Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը։ Վերոհիշյալ ձևով պարտադրված և հետևաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային և պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։

Մեր համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով»,- ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

wp-apeth