Հին մեքենաները նորով փոխարինելու գործընթացը կպարզեցվի

Հին մեքենաները նորով փոխարինելու գործընթացը կպարզեցվի

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Հիմնավորման համաձայն, ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետբյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:

Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկությունները: Մասնավորապես, ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: Արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ խոսքն օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է: «Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենաներ: Եվ մենք ուսումնասիրությունների արդյուքնում եկել ենք այն եզրահանգման, որ մեր գործող հարկային համակարգն այս գործընթացի համար նպաստավոր չէ: Մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել, որ ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա, որ հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

wp-apeth