Հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 29-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկացել են գիշերը կատարված գողության մասին. խանութներից մեկի դուռը կոտրել ու գողացել էին վճարային տերմինալ: Խանութն Իջևանի Արցախյան փողոցում էր:
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: Դեպքի վայրի զննությամբ ձեռք բերված փաստերը վկայել են, որ հանցամիտները գողության են գնացել «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենայով:
Հունիսի 1-ին կասկածելի տրանսպորտային միջոցը Իջևանում հայտնվել է քրեական հետախույզների տեսադաշտում: Իրավապահները սկսել են հետապնդել: Պարզվել է` «Հունդաի Էլանտրան» պատկանում է Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի 27-ամյա մի բնակչի, որին ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին:
Երեքով են գործել: Ավելի ուշ պարզ է դարձել նաև գաղտնի հափշտակության մյուս մասնակիցների ինքնությունը: Իջևանի Սպանդարյան և Մեհրաբյան փողոցների բնակիչներ են, մեկը` 27, մյուսը` 29 տարեկան:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողները ներկայացել են ոստիկանության Իջևանի բաժին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Տերմինալը հայտնաբերվել է: Կասկածյալները ձերբակալված են: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: