ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողություններն՝ անհայտ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու և գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաև, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է և անհրաժեշտ է սպասել քննության ավարտին։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին Կոպիրկինը խոսել է լրագրողների հետ զրույցում:

Դեսպանը նշել է, որ հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է: «Ես չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Այս հարցի լուծումը, հնարավոր է, չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հավատացեք, առավելագույնն է արվում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է»,- ասել է ՌԴ դեսպանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth