Ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը

Ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը. հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 22-ը, վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցմամբ ծածկված ծավալի։

Դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնելու են բաց թողնված դասերը։ Հեռավար ուսուցմամբ նախատեսված ծավալը լրացրած դպրոցների և ուսուցիչների առաջ բաց թողնված դասերի լրացման պահանջ չի դրվելու կամ դրվելու է միայն բաց թողնված դասերի չափով։

«Քննարկում ենք, թե ինչ իրավիճակ է այժմ և նախատեսում ենք, որ հաջորդ ուստարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերի պահուստային օրեր: Քննարկում ենք նաև ուստարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը, բայց դա ևս կապված է մայիսի ամփոփումից: Արձանագրենք, որ հեռավար ուսուցմամբ մենք մայիս ամիսը փակում ենք, և էլեկտրոնային մատյանների տվյալներով կհասկանանք, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել»,-ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա:

  • Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը փոխադրվելու քննություններ չեն իրականացվելու:
  • Աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվելու են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվելու են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով:
  • Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվելու ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվելու և ատեստատները տրվելու են մինչև մայիսի 25-ը:

Բուհերի ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքներ

  • Բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձևն ընտրելու է ուսումնական հաստատությունը` ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում: Քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման ընդհանուր կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացը ավարտելով մինչև հուլիսի 1-ը:
  • Որոշվել է, որ դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն մեկ քննություն: Միասնական քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը:
  • Ըստ ընթացակարգի` մինչև մարտի 15-ը դիմորդներն արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը: Քանի որ այժմ տեղի է ունենում ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտություն է առաջացել հայտագրման նոր հնարավորություն տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին: Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ` որպես մեկ միասնական գործընթաց: Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կգործի մինչև հունիսի 15-ը: Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը:
  • Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել այս ընթացքում՝ հնարավորություն ստանալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները: Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը:

Ընդունելության մեկ հիմնական քննությունը կազմակերպվելու է համավարակի անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ: Քննական կենտրոնները գործելու են ամբողջ հանրապետությունում` ապահովելով քննություն հանձնող դիմորդների սահմանափակ թիվն ըստ քննական սենյակների և կենտրոնների:

  • Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում: Արվեստի և սպորտի բուհերը ևս պետք է կազմակերպեն ընդունելությունը մեկ քննության միջոցով: Բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում:

Միջպետական ծրագրերով ընդունելություն

  • Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի 2020-2021 թթ. ուսումնական տարվա մրցույթը կիրականացվի՝ ելնելով գործընկեր պետությունների հետ հստակեցումներից՝ դրանց անցկացման ժամանակի և ուսուցման հետագա կազմակերպման հնարավորությունների մասով: Ընդունելության պայմանների մասով նախատեսվում է, որ այդ ծրագրերով ընդունելությունը (բակալավրի (դիպլոմավորված մասնագետի), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի (օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) անցկացվելու է այս ուսումնական տարում՝ ընդունելության կարգին համապատասխան, եթե տվյալ միջպետական համաձայնագրով այլ պայմաններ սահմանված կամ նախատեսված չեն։
  • Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվելու: Ամփոփումը կատարվելու է այնպես, ինչպես դպրոցական ավարտականների պարագայում: Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի հիման վրա: Ամփոփումը կատարվելու և դիպլոմները տրվելու են մինչև հունիսի 5-ը:

Արտակարգ իրավիճակում ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում փոփոխություններ նախատեսելիս հաշվի է առնվել զորակոչի ժամկետներն անփոփոխ թողնելու հանգամանքը:

  • Մագիստրատուրայում ընդունելության ժամկետներն առաջարկվում է սահմանել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:
  • Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացում առաջարկվում է կասեցնել ոչ մրցութային առարկաների` օտար լեզվի, ինֆորմատիկայի և տեղեկատվական հաղորդակցության հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը: Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:
  • Քոլեջների և ուսումնարանների հետ կապված ընդունելությունը՝ 9-ամյա կամ 12-ամյա կրթության հիմքով, նախատեսվում է կազմակերպել հիմնականում ատեստատների գնահատականներով օգոստոսին, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում: Հայտերի ընդունումը նույնպես իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
  • Ոսկե մեդալի քննություններ այս տարի չեն իրականացվելու. այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների։

«Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը. երբ համավարակն այլևս խնդիր չլինի, և սահմանափակումներ չլինեն, մենք միասին որևէ օր կորոշենք և համատեղ կիրականացնենք Վերջին զանգի արարողությունը։ Նախարարություններն ու պաշտոնյաները ևս կմիանան ձեզ»,-ասել է ԿԳՄՍ նախարարը և ընդգծել, որ արտակարգ դրության պայմաններում որևէ ոլորտում իդեալական աշխատանքային վիճակ լինել չի կարող, ուստի արվել է առավելագույնը ստեղծված իրավիճակում կրթական գործընթացի շարունակականություն ապահովելու և ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար:

Իրավական դաշտի համապատասխանեցում.

Վերոնշյալ բոլոր փոփոխությունները արտացոլող իրավական ակտերն այժմ վերջնականացվում են և առաջիկայում կհաստատվեն: Նշվում է նաև, որ բուհերի ընդունելության քննությունների հետ կապված լրացուցիչ պարզաբանում կլինի ապրիլի 30-ին, որի ընթացքում կհրապարակվի նաև ըստ մասնագիտությունների քննությունների ցանկը: Ուսումնական տարվա ավարտի և հաջորդ ուսումնական տարվա ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի heravar.armedu.am կայքում՝ առաջին էջում առանձնացված «Ավարտական և ընդունելության քննություններ» բաժնում՝ սկսած ապրիլի 28-ից:

wp-apeth