Կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով

Կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով

Ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ անցած օրվա ընթացքում եղել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039: «Ունեցել ենք 14 բուժված և դուրս գրում: Ընդհանուր բուժվածների թիվը կազմում է 211: Ցավոք սրտի, ունեցել ենք ևս մեկ մահ, և մահացածների ընդհանուր թիվը դարձել է 14: Այս պահին փաստացի ակտիվ մեր հսկողության տակ գտնվող դեպքերի թիվը 814 է: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել. շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ: Փաստացի, ներկայումս 6 լաբորատորիայում իրականացվում են հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»,-ասել է նախարարը:

Կառավարությունն այնուհետև ընդունել է որոշում, որով նախատեսվում է երկարաձգել 2020 թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ինպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախկինում ընդունած որոշման մեջ նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ կիրառված սահմանափակումներին: «Իրականում, եթե հետագայում մոնիթորինգը ցույց կտա, որ, այսպես կոչված, ֆեյքային նորությունները լայն ծավալում են ստանում, մենք կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները»,- ասել է նախարարը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը: «Արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում արգելանք չի կիրառվի ծառայության կողմից կայանատեղիների տեղական տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով: Ժամանակահատվածի ավարտից հետո արգելանքները, բնականաբար, սովորական կարգով կիրառման ենթակա կլինեն»,— ասել է Ռուստամ Բադասյանը:

Հստակեցվել են նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը օգտագործելու վերաբերյալ կարգավորումները: Սահմանվել է, որ գույքն oգտագործման հանձնելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18 N 760-Ն որոշմամբ սահմանված դրույթները: Սահմանվել է նաև, որ գույքը կամավոր կերպով օգտագործման հանձնվելու դեպքում դրա դիմաց փոխհատուցումը կարող է տրամադրվել գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանված կարգով, որի դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18 N 760-Ն որոշմամբ սահմանված` փոխհատուցման կարգի վերաբերյալ դրույթները:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր է արձանագրել, որ զուտ համաճարակային թվերի առումով մենք, այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք: Պարետատան որոշմամբ, թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է, և դա արվել է մի քանի նկատառումներով՝ նախ տնտեսական կյանքը չկանգնեցնելու, և նաև սոցիալական որոշակի իրավիճակն էլ ավելի չբարդացնելու նպատակով: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձևով չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները: Եթե այդ կանոնները ճշգրիտ պահվեն, վարակվելու հավանականությունն էականորեն կփոքրանա: Բայց մյուս կողմից, երբ մենք տնտեսական գործունեության դաշտն ընդլայնում ենք, պետք է հասկանանք, որ դրանով նաև ռիսկեր ենք առաջացնում: Իհարկե, սահմանափակելն այլ կարգի ռիսկեր են առաջացնում, և մենք պետք է արտակարգ դրության ռեժիմը պահենք, որպեսզի պարետատունը իրավիճակին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա»:

Վարչապետը, անդրադառնալով ԶԼՄ-երի նկատմամբ կիառվող սահմանափակումների վերացմանը, ընդգծել է, որ կիրականացվի մոնիթորինգ. «Եթե հանկարծ տեսնենք դրսևորումներ, որոնք ռիսկեր են առաջացնում, կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը. աջակցություն կտրամադրվի փետրվարին սպառված բնական գազի և էլեկտրական էներգիայի համար

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տանսմեկերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով: Գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Որոշմամբ առաջարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ մինչև ապրիլի 15-ը կազմակերպել միջոցառման իրականացումը: Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ 11-րդ միջոցառումը վերաբերում է 220 հազար բնակիչ-բաժանորդի. «Եվ եթե համարենք, որ մեկ բաժանորդը մոտ 3 բնակիչ է, ապա աջակցությունը կվերաբերի մոտ 660 հազար քաղաքացու»:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել կոմունալ վճարները փոխհատուցելու որոշման վերաբերյալ. «Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա։ Մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, որովհետև դա շատ կարևոր է ու այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը»: Վարչապետը տեղեկացրել է, որ այս ծրագրի շահառուները կարող են օգտվել մյուս բոլոր միջոցառումներից ևս:

Մանրամասներ են ներկայացվել նաև նախորդ 10 միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 1-ին և 2-րդ միջոցառումների վերաբերյալ, մասնավորապես, նշել է. «Առաջին միջոցառումը վերաբերում է հիմնականում ՓՄՁ-ներին և նպատակային թիրախներն են՝ աշխատավարձ, հումք, սարքավորումներ, կոմունալ վճարումներ, հարկերի վճարում, սննդի և դեղերի ներմուծում: Բավարարվել է 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամի: Երկրորդ միջոցառումը վերաբերում է հիմնականում գյուղոլորտին: Ընդհանուր բավարարվել է 536 հայտ, որից 417-ը միկրովարկերն են տրված գյուղացիական տնտեսություններին: Վարկերի գումարը կազմում է 1 մլրդ 606 մլն դրամ: Երկու միջոցառումների գումարը միասին կազմում է ՝ 10 մլրդ 458 մլն դրամ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ երբ ծրագրերը հաստատում էին, հոռետեսական գնահատականներ կային, որ մարդիկ չեն դիմի, որովհետև իրենց այդպիսի վարկեր ու աջակցություն պետք չէ: «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավական լավ ակտիվություն կա: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկա օրերին, թե գյուղվարկերի, թե բիզնեսին աջակցության մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- ասել է վարչապետը:

Անհատ ձեռնարկատերերին վերաբերող 3-րդ միջոցառման հետ կապված էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այն աջակցություն է նախատեսում փոքր բիզնեսին: «Արդեն ստացվել է 457 հայտ, որի զգալի քանակը եղել է ոլորտին չհամապատասխանող՝ ավելի քան 257 դիմում: Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում՝ վարկավորման նպատակով: Վարկի ընդհանուր գումարը 563 մլն դրամ է: Դատելով դիմումների քանակից՝ մենք կարծում ենք, որ այս շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի»,- հայտնել է նախարարը:

5-րդ միջոցառման (շահառուներն են հանդիսանում այն գործատու կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք 2020թ. հունվար-փետրվար ամիսներին ունեցել են 2-50 աշխատակից և պահպանել են աշխատակիցների և աշխատավարձի ֆոնդը) հետ կապված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է. «Ապրիլի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ շահառուների շուրջ 30 տոկոսն է ներկայացրել մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկ, որի հիման վրա 9725 շահառու հանդիսացողներին ավտոմատ եղանակով ուղարկվել է ծանուցում: Դիմում է ներկայացրել արդեն 5388 շահառու և այսօր 11:30-ի դրությամբ 5207 շահառու ստացել է գումարը, ընդհանուր՝ 787,9 մլն դրամ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացրել սոցիալական՝ 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ծրագրերի ընթացքի վերաբերյալ: «4-րդ, 6-րդ, 7-րդ ծրագրերի մասով դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկար: 11444 անձի համար բանկեր է փոխանցվել 929 մլն դրամի չափով աջակցություն: Ընդլայնվել է 7-րդ միջոցռման շահառուների շրջանակը՝ նախնական 3800-ի փոխարեն ակնկալվում է ունենալ ավելի քան 8000 շահառու: Նոր ցուցակները կհրապարակվեն ապրիլի 14-ին:

4-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, այս դեպքում գումարները փոխանցված են: Այս պահին կա 964 երեխայի տվյալ, որոնց գումարը հասանելի է բանկերում: Նրանցից ավելի քան 200-ն արդեն ստացել է գումարները: Ինչ վերաբերում է 8-րդ և 9-րդ միջոցառումներին, ապա աջակցությունը տրամադրվում է դիմումների հիման վրա: Եվ այսօր արդեն քաղաքացիները կարող են դիմել»,— մասնավորապես նշել է նախարարը՝ հավելելով, որ մանրամասների համար քաղաքացիները կարող են զանգահարել 114 և 011 300 114 հեռախոսահամարներով:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Չնայած այս պահին ծրագրերից արդեն իսկ օգտված քաղաքացիների թիվը տասնյակ հազարով է սահմանափակվում, բայց ուզում եմ նշել, որ այդ ծրագրերի շահառուները մի քանի հարյուրհազար մարդիկ են, պարզապես ծրագրերը հընթացս մտնում են ուժի մեջ: Կա նաև մեկ այլ խնդիր, որ քաղաքացիները փաստացի չեն օգտվել իրենց ծրագրերից: Իհարկե, տեղեկատվությունը պետք է հնարավորինս արագ հասցնել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք հնարավորինս հեշտացված կարգով օգտվեն»:

Վարչապետի խոսքով՝ մոտավոր հաշվարկով ընհանուր առմամբ միջոցառումների շահառուների թիվը կկազմի ավելի քան 300 հազար: «Շարունակելու ենք միջոցառումների իրականացնումը: Սոցիալական միջոցառումների հիմքում պարտադիր դնում ենք այնպիսի կոմպոնենտներ, որ մեր երկրի տնտեսական զարգացման ռազմավարության հետ աղերս ունենան: Այսինքն՝ մենք չենք ուզում ճգնաժամային այս իրավիճակում զրոյացնենք մեր որդեգրած ռազմավարությունները, և ամեն կոմպոնենտի մեջ պարտադիր ապահովում ենք այնպիսի բաղադրիչ, որն ուղիղ կապ ունի նախկինում մեր ընդունած և հայտարարած ռազմավարությունների հետ: Ես կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որպեսզի ողջ պրոցեսները բնականոն ընթանան և նաև զարգացման որոշակի բաղադրիչներ դրվեն սոցիալական աջակցության ծրագրերի հիմքում:

Մենք քաջալերում ենք այն քաղաքացիներին, այն սուբյեկտներին, որոնք նախկինում ժամկետանց հարկային պարտավորություններ չեն ունեցել: Նրանք շատ արագ, օպերատիվ ստանում են աջակցություն: Դա չի նշանակում, որ մյուսներին չենք աջակցելու, մյուսներին աջակցությունը լինելու է այլ բնույթի:

8-րդ և այլ միջոցառումներով պարտադիր պայման ենք դնում, թե մարդն ինչքան շրջանառություն է ցույց տվել հսկիչ դրամարկղային մեքենաներով: Սա կարևոր է, որովհետև եթե մենք քաղաքացիներին կոչ ենք արել, որ հսկիչ դրամարկղային մեքենաներով պետք է շրջանառությունն արձանագրվի, այն սուբյեկտը, որը 100 տոկոսով է իր շրջանառությունը ցույց է տվել՝ չի կարող նույն չափով օգնություն ստանալ, ինչ այն սուբյեկտը, որը 0.1 տոկոսով է շրջանառություն ցույց տվել»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական այս քայլերով պետք է քաջալերել տնտեսական այնպիսի գործունեությունը, որն իր կենսունակությունն ի վիճակի է ցույց տալ նաև ճգնաժամային պայմաններում, և իր գործունեության ընթացքում մեծացնում է ճգնաժամներ հաղթահարելու պետության և կառավարության հնարավորությունները:

wp-apeth