Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան 5 ժամվա ընթացքում կապահովի 99% ճշգրտություն
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:
Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:
Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:
Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը:
Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:
Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները, գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: