Արագ արձագանքման այց «Նուբարաշեն» ՔԿՀ
Այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից, նշված է ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:
«Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում:
Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ:
Նրանցից բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ:
Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ:
Այցն ավարտվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդյունքները քիչ առաջ են ամփոփվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում:
Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ:
Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն»,- նշված է հաղորդագրությունում: