Հանդիպումներ՝ Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ս.թ օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։
Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք նոր պայմանագրերի իրականացման ժամկետների և ուղիների վերաբերյալ։
Երկուստեք կարևորվել է նաև ռազմարդյունաբերական մասնավոր ընկերությունների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և արտադրությունների կազմակերպումը։
Նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նաև «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության տաղավար, ծանոթացել արտադրված նորագույն միջոցներին, հեռահար և ճշգրիտ հրթիռների նմուշներին: Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ ՊՆ պատվիրակությունը քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք այլ ձեռնարկությունների տաղավարներում։