«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ, որպեսզի հուլիսի 1-ից վերանայվի գազի գինը
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման և բնական գազի փոխադրման սակագների վերանայման հայտերով։ Ընկերության հայտարարությունը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։
Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր», – գրել է փոխվարչապետը: «Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»: