Բացահայտվել է հանցագործության 141 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 141 դեպք, որից 25-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 32, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, յուրացման կամ վատնման՝ 6, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 4-ական, խուլիգանության՝ 3, սպանության փորձի, անձի առևանգման, ծեծի և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի՝ 2-ական, սպանության, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, շորթման, դրամանենգության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, դատական ակտը չկատարելու, գույքի վնասման սպառնալիքի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սառը զենքի հայտնաբերման, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու և սպառնալիքի` 1-ական դեպք։
- Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։
- Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու`4, անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման և բնակարանային գողության 1-ական դեպք։ 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: