524 կանչի են արձագանքել

524 կանչի են արձագանքել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 524 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 146 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 171 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Աջափնյակ, Կենտրոն վարչական շրջաններում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 18 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 6 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 2 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները հրդեհային անտարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Փրկարարական աշխատանքների ցուցաբերումը Սեւանա լճում», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Ազդարարում, տարահանում, պաստպարում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում», «Հրդեհաշիջման եւ առաջին բուժօգնության ցուցաբերումը», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը արտադրական օբյեկտներում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը պայթյունավտանգ օբյեկտներում», «Տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը ուսումնական հաստատություներում», «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը», «Հրդեհաշիջման կազմակերպումը գազալցակայանում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

wp-apeth