Ուսումնավարժություն՝ Սեւանա լճում
Սեպտեմբերի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Փրկարարական օգնության ցուցաբերումը ջրային վթարի ենթարկված քաղաքացիներին» թեմայով, հայտնում է ԱԻՆ պաշտոնաթերթը:
Ըստ սցենարի՝ երկու ջրային մոտոցիկլի բախումից տուժել է երեք քաղաքացի։ Նրանց ցուցաբերվում է առաջին օգնություն, իսկ վնասված տեխնիկաները քարշակով տեղափոխվում են ափ։ Ուսումնավարժությանն ընդգրկված էին 7 ջրափրկարար, «ՈւԱԶ» ամենագնաց, մեկ մոտորանավակ եւ երկու ջրային մոտոցիկլ։
Ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ եռամսյակային պլանով հաստատված ուսումնավարժություններն օգնում են հատկապես նոր աշխատողներին իրենց տեսական գիտելիքը գործնականում ներդնելու։ Վարժանքին առաջին անգամ մասնակցում էր աշխատանքային փորձաշրջան անցնող 29-ամյա Ջոն Ստեփանյանը։ Արտաշատցի երիտասարդը ջրասուզակ-ինժեներ է, 5 տարի սուզումներ է կատարում Սեւանա լճում եւ բարձրլեռնային լճերում։ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանի սանն է․ վերջինս նրան շնորհել է 40 մետր սուզման թույլտվության մասին հավաստագիր։
Ջոկատ հասնելու համար Ջոնն ամեն անգամ կտրում է Արտաշատ-Սեւան ճանապարհը։ Ասում է՝ երբ մարդ սիրում է իր աշխատանքը, ոչինչ չի կարող խոչընդոտ լինել։ Սեւանա լիճն իր համար անվերջ բացահայտելու տեղ ունի։ Երանությամբ հիշում է 2017 թվականի հունվարը, երբ լիճն ամբողջովին սառցակալել էր։ «Սառույցի տակ սուզվելն ուրիշ զգացողություն էր։ Երբ գլխավերեւումդ լսում ես սառույցի ճաքելու ձայնը, թվում է, թե ուր որ է կմնաս փլատակների տակ։ Սառցակալած ջուրը ծանր է, շարժունակությունդ կտրուկ ընկնում է։ Միայն կամքի ուժն ու վախը հաղթահարելն են օգնում դիմանալ այդ ճնշմանը եւ դուրս գալ մակերես»,- պատմում է Ջոնը։
Ջոկատում նրան լավ են ընդունել․ անկեղծանում է՝ այդքան սուզումներ է կատարել, բայց ամեն անգամ զարմանում է երկարամյա ջրափրկարարների հմտություններից, հատկապես՝ պղտոր ջրերում որոնողական աշխատանք կատարելու ժամանակ։ Նոր բան սովորելու հնարավորությունը բաց չի թողնում։