2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր
Կառավարությունը որոշում է ընդունել՝ «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N2215-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ 2020թ. և 2021թ. հավանության արժանացած և իրականացված/իրականացման փուլում գտնվող 15 համայնքի 15 ծրագրի համար (5-ը հաստատվել է 2020թ., 10-ը՝ 2021թ.) ՀՀ պետբյուջեից 357 մլն 458 հազ. դրամի հատկացում: 15 ծրագիրը, որից 3-ն Արմավիրի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, 3-ը՝ Լոռու մարզերում են, իրականացվել է համայնքների բյուջեների հաշվին, և ներկայում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել: Մրցույթներից հետո ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը՝ 357 մլն 458 հազ. դրամ: Արդյունքում, համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմամբ, կապահովվի ծրագրերի արդյունավետ իրականացում: