Փրկարարները 639 կանչի են արձագանքել

Փրկարարները 639 կանչի են արձագանքել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 639 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 229 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 32 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 175 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի վարչական շրջաններում, Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 26 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 18 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 7 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 7 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները հրդեհային անտարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը պայթունավտանգ օբյեկտներում», «Տարհանում եւ առաջին բուժօգնության կազմակերպում», «Հրդեհի առաջացման դեպքում հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: Իսկ տարվա ամենամասշտաբային վարժանքի մասին կարդացեք՝ այստեղ:

wp-apeth