Միջազգային մրցաշարի անվտանգությունը՝ ջրափրկարարների հսկողության տակ

Միջազգային մրցաշարի անվտանգությունը՝ ջրափրկարարների հսկողության տակ

Օգոստոսի 28-ին եւ 29-ին Savage of Sevan ընկերությունը ռուսական X-Waters ընկերության հետ համատեղ անցկացրեց 1 ծովային մղոն, 1 կմ, 3 կմ եւ 6,5 կմ հեռավորությամբ լողանցումներ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները՝ 11 հոգի վեց մոտորանավակով։ Օգոստոսի 29-ին Սեւանա թերակղզուց մինչեւ «Կապուտակ Սեւան» լողափ ձգվող 6,5 կմ լողանցման ժամանակ նրանց ընկերակցեցլ է նաեւ ԱԻՆ պաշտոնաթերթի խմբագրական անձնակազմը։

3 ժամից ավելի տեւած լողանցման ընթացքում արտակարգ դեպքեր չգրանցվեցին։ Շարքի վերջում լողացողների հետ փրկարարներն անընդհատ կապի մեջ էին՝ ջրահեղձության եւ գիտակցության կորստի վտանգը բացառելու նպատակով։ Բոլոր մոտոնավակներում առկա էին լողորդների համար նախատեսված խմելու ջրի շշեր։ Ոմանք փոքր ինչ շեղվել էին հիմնական երթուղուց, եւ փրկարարները նրանց ցուցումներ էին տալիս։

Ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանը նշեց, որ 2019 թվականին նույն լողանցմանը մասնակցողների թիվն անհամեմատ շատ էր՝ մոտ 140 հոգի։ Ի պատասխան հարցին՝ արդյոք մեր ջրափրկարարների շարքում չկան պրոֆեսիոնալ լողորդներ, որոնք եւս կարող են մասնակցել նման սպորտային մրցաշարերի, հրամանատարն ասաց․ «Մեր տղաներն առավելագույնս ներգրավված են անվտանգությունն ապահովելու գործին։ Ունենք լողորդներ, որոնք ծնվել, մեծացել են Սեւանա լճին հարակից համայնքներում եւ լավ ծանոթ են լճի ռելիեֆին։ Կարծում եմ՝ պարապելու դեպքում կարող են այս տարածությունը հաղթահարել»։

Տղամարդկանց պայքարում հաղթողը Րինատ Գիլյազովն էր՝ 1 ժամ 28 րոպե արդյունքով, կանանց պայքարում՝ Ելենա Կատորգինան՝ 2 ժամ 12 րոպե արդյունքով։ Երկուսն էլ իրենց քաշային կարգում բացարձակ առաջատար էին։ Հայ մարզիկներից լողանցմանը մասնակցում էին յոթ տղամարդ եւ մեկ կին։ 2 ժամ 16 րոպե արդյունքով Անահիտ Ադամյանը դարձավ կանանց ցուցակում երկրորդ լավագույնը։

Savage of Sevan նախաձեռնության համահիմնադիր Առնո Մոսիկյանի խոսքով՝ մրցաշարին մասնակցելու համար գրանցվել էր 180 հոգի, սակայն ոչ բոլորը կարողացան հասնել Հայաստան։ Մարզիկներ կան Հայաստանից, Սլովենիայից, Ֆինլանդիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Իրանից։ 6,5 կմ լողանցման համար գրանցված 67 լողորդից մասնակցեց 34-ը։

«Քանի որ Savage of Sevan նախաձեռնությունը նաեւ եռամարտի մրցումներ է անցկացնում, պիտի ասեմ, որ հայ մարզիկների թիվը տարեցտարի ավելանում է, բարձրանում է նրանց ֆիզիկական պատրաստվածությունը։ Չորրորդ արդյունքը գրանցած Կարապետ Հայրապետյանի հետ մեծ հույս ենք կապում, վստահ ենք, որ մյուս տարի կհաղթի»,- մանրամասնեց Առնո Մոսիկյանը:

Մայիսի 28-ին Սեւանա լճի շուրջ ամենամյա խորհրդանշանական 212 կմ-ոց հեծանվավազքն այս տարի հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի եւ այլ խնդիրների պատճառով։ Առնո Մոսիկյանը հավելեց, որ միջոցառումը կկայանա սեպտեմբերի 12-ին։

Զրուցեցինք նաեւ կազմակերպիչների եւ լողորդների հետ։ Սամարայից Ալեքսանդր Ուշակովը X-Waters ընկերության կազմակերպած լողանցումների անվտանգության պատասխանատուն է։ Նա է կոորդինացնում շտապօգնության, փրկարարների, կամավորների եւ տարհանման համար նախատեսված նավակների հետ աշխատանքը։ «Կոլեկտիվս պրոֆեսիոնալ է, ոչ մի խնդիր չունեցանք։ Պատրաստվել էինք քամուն, մառախուղին, ցրտին, բայց բախտներս բերեց՝ եղանակը հիանալի էր»,- ասաց Ալեքսանդրը։

Հարթավայրում ապրելուն սովոր մարդու համար 1800 մետր բարձրության վրա գտնվող Սեւանա լճում լողալը շատ դժվար է՝ խոստովանեց ռուս մասնագետը։ Մեկ շաբաթ առաջ Ալեքսանդրը Սամարայում մասնակցել էր Ռուսաստանի դաշնության ամենաերկար՝ 181 կիլոմետր երկարությամբ հնգօրյա լողանցմանը։ Սակայն Սեւանա լճում նրան տեւական ժամանակ է պետք շնչառությունն ու ճնշումը կարգավորելու համար։ Այդուհանդերձ որոշել է լողորդների օրինակին հետեւել եւ նույնպես կտրել 6,5 կմ տարածությունը։

Դավիթ Ղազարյանը բաց ջրերում սիրողական լողով զբաղվում է արդեն երկու տարի։ Մասնակցում է նաեւ եռամարտի մրցումներին․ եւ՛ լողում է, եւ՛ վազում։ Մասնագիտությամբ շուկայի զարգացման պատասխանատու է, գործն ու սպորտը համատեղելով՝ փորձում է լավ մարզավիճակում մնալ։ Այս անգամ Դավիթին հաջողվեց ափ դուրս գալ մեկնարկից 2 ժամ 30 րոպե անց։ Ճանապարհից շեղվել էր ալիքների պատճառով։

Շիրին Ռահնամոն Իրանը ներկայացնող 10 մարզիկի մեջ միակ կինն է։ Առաջին անգամ է Հայաստանում։ Սեւանա լճում իրեն շատ լավ է զգում, սովորել է բարձրադիր լճերում պարապմունքներ անելուն։ Մրցաշարից հետո անպայման ուզում է ծանոթանալ Հայաստանի բնությանը։

Հաղորդավար, երգիծաբան Նարեկ Մարգարյանի համար այս լողանցումն ամենաերկարն էր։ Մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին 700 մետրը շատ դժվարությամբ էր առաջ գնում։ Դրանից բացի՝ բավական շեղվել էր երթուղուց: 37 տարեկան երիտասարդը գրեթե երեք տարի զբաղվում է եռամարտով, պարբերաբար հաճախում լողավազան։ Վերհիշեց վերջերս մի ուսանող տղայի հետ իր զրույցը, իբրեւ ժամանակը հերիքում է միայն հեծանիվ քշելու համար։ «Երբ IRONMAN մրցումներին ենք պատրաստվում, շաբաթական գրեթե 20 ժամ պարապմունք ենք ունենում։ Ինչքան էլ զբաղված լինես, միեւնույն է՝ ցանկության դեպքում հնարավոր է համատեղել։ Եթե ամեն ինչ լավ գնա, առաջիկայում կմասնակցենք Դուբայում կայանալիք IRONMAN մրցաշարին»,- նշեց Նարեկը։

Savage of Sevan նախաձեռնության եզրափակիչ եռամարտի մրցումները կկայանան սեպտեմբերի 5-ին։ Այդ օրը մարզիկները Սեւանա լճում կլողան 1,9 կմ (ափեզերքով 950 մետրանոց տարածության վրա մեկ պտույտ), ապա հեծանվով կանցնեն 90 կմ երկարությամբ մրցուղով եւ մրցումը կավարտեն 21 կմ վազքով: Լողի ժամանակ անվտանգությունը կապահովեն Սեւանի ջրափրկարարները։

wp-apeth