«Նոր Զովք» սուպերմարկետն ինքնակամ գործել է կասեցված լինելու պայմաններում

«Նոր Զովք» սուպերմարկետն ինքնակամ գործել է կասեցված լինելու պայմաններում

ՀՀ պարետի որոշմամբ` այսօր 24-ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երեւանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։ Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրատապ տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Վերջինս օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182,3 հոդվածով։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում արձանագրված խնդիրների հիմքով՝ ՀՀ պարետի hունիսի 5-ի N 115-Ն որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցվել էր «Նոր Զովք» ՍՊԸ-ի՝ Հանրապետության 71 հասցեում գործող սուպերմարկետի գործունեությունը։

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին շրջանի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Խախտումներ թույլ տված հարյուրավոր տնտեսավարողների գործունեությունը պարետի որոշմամբ կասեցվում է։

Դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողներն ավելի զգուշավոր են և անվտանգության նորմերի պահպանմանն առավել բարեխղճորեն են մոտենում։ Միաժամանակ, ամենահաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ մարդկանց կուտակումները և հերթերի թերի կառավարումը։ Այս առումով մեծ է նաև մարդկանց պատասխանատու մոտեցման կարևորությունը։

Անվտանգության խստացված նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Դրանց խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, տեղեկացնելով, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման, ինչպես նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանների ձևեր։ Սա կարևոր է այն առումով, որ խախտումների զգալի մասը հենց այս գրանցումներին են առնչվում։

Միաժամանակ, մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։

wp-apeth