Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
«Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից նշել էին, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: