Շիրակի մարզպետի ու Գյումրու համայնքապետի ուղերձները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման այս օրը, երբ կրկին ու կրկին հիշում, խնկարկում ենք անցյալ դարասկզբին՝ 108 տարի առաջ, միլիոնավոր անմեղ հայերի հիշատակը, պետք է նաև շարունակենք բարձրաձայնել նմանը չունեցող ոճրագործության մասին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համար։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն անելիք դեռ ունենք։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրակարգային է մեր երկրի համար։ Իսկ մեր անելիքների մեջ կարևոր պետք է լինի բոլորիս ջանքերի համախմբումը, հզոր երկրի կառուցումը։
Պետք է մեր գործողություններն ուղղենք դեպի ապագա, որպեսզի հարգվի մարդու արժանապատվությունն ու իրավունքները և յուրաքանչյուր ոք ապրի իր հայրենիքում՝ ապահով ու անվատանգ։ Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացած եմ՝ Հայաստանի վաղվա օրը լինելու է խաղաղ և համախմբված ու նվիրումով կերտելու ենք մեր երկրի ապագան։
Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: 108 տարի առաջ 1.5 մլն հայորդիներ զոհ դարձան Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված ոճրագործությանը: Այդ ոճրագործության արդյունքում հազարավոր հայեր տեղահանվեցին և զրկվեցին պատմական հողում, իրենց հայրենի երկրում ապրելու իրավունքից: Օսմանյան Թուրքիայի այդ հրեշավոր արարքի հիմքում հայի ինքնության, հայ ժողովրդի բնաջնջում էր: Այս ոճրագործությունը մինչ օրս դրոշմված է յուրաքանչյուր հայի սրտում՝ որպես անդառնալի իրողություն:
Մոտ մեկ դար է ինչ հայ ազգը պայքարում է ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Մեզ հետ ու մեր կողքին պայքարել և շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ, հետագայում նմանօրինակ վայրագությունները բացառելու համար:
Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը` իմ խորին հարգանքն եմ բերում հայ ժողովրդի անմեղ զոհերին, մեր երկրին մաղթում խաղաղություն, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միասնականություն և տոկունություն: