Ղազախստանի իշխանությունները հայտարարել են հիբրիդային ահաբեկչության մասին

Ղազախստանի իշխանությունները հայտարարել են հիբրիդային ահաբեկչության մասին

Ղազախստանի իշխանությունները բախվել են հիբրիդային ահաբեկչական հարձակման, որը, հնարավոր է, պետական հեղաշրջման նպատակ էր հետապնդում։ Այս մասին հաղորդում Է regionpress.am-ը։

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ղազախստանի հանրապետության պետական քարտուղար Երլան Կարինը «Հաբար 24» հեռուստաալիքի եթերում։ «Ես կարծում եմ, որ մենք բախվել ենք հիբրիդային ահաբեկչական հարձակման։ Իսկ թե ո՞վքեր էին կանգնած ահաբեկչությունների հետևում կպարզեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները», — ասել է Կարինը: «Բանն այն է, որ այդ բոլոր իրադարձությունները փորձագետները գնահատում էին հին մեթոդներով։

Մեր երկրում կատարվող դեպքերը շատերը համեմատում էին գունավոր կամ թավշյա հեղափոխությունների հետ։ Ղազախստանում իրավիճակն այլ է։ Իշխանության դիրքորոշումը բավականին կոշտ է, և նրանք թույլ չէին տա իրականացնել գունավոր հեղափոխությունների դասական տարբերակները», — նշել է պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ տեղի է ունեցել «ներքին և արտաքին որոշակի ուժերի դավադրություն», քանի որ ահաբեկչական խմբերի թիրախում են հայտնվել ինչպես Ղազախստանի այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։

Ընթացիկ իրավիճակը

Պետքարտուղարը կարծում է, որ ղազախստանցիներին հարկավոր է նախկինի պես պահպանել զգոնությունը։ «Ես չէի ցանկանա, որ մենք ինչ-որ կերպ թուլանանք և հանգստանանք, քանի որ բավական լուրջ ռիսկ է պահպանվում։ Բոլոր ծառայությունները բերվում են լիակատար պատրաստվածության։ Ես կարծում եմ, որ մեր մայրաքաղաքի փողոցներում նկատելի է այդ լարվածությունը, ուստի մեր քաղաքացիները պետք է լինեն շատ զգոն», — ասել է նա։ Պաշտոնյայի հավաստմամբ՝ իշխանություններին հաջողվել է հաղթահարել ճգնաժամային իրավիճակը։

«Ես կարծում եմ, որ ամենալարված սուր պահերն արդեն անցել են։ Եվ այստեղ մեծ դեր է խաղացել (Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը), քանի որ նա ուժային կառույցների օգտագործման կետային որոշումներ է ընդունել, հստակ հրահանգներ է տվել պետական մարմինների համար և իր ձեռքն է վերցրել տեղեկատվական դաշտի աշխատանքները։ Գրեթե ամեն օր նա հանդես էր գալիս ուղերձներով, որտեղ բավականին հստակ, մանրամասն ամեն ինչ շարադրել է, ժողովրդի հետ խոսելով պարզ լեզվով», — նշել է պետքարտուղարը։

ՀԱՊԿ-ի դերը

Պետքարտուղարի խոսքով ՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ներգրավումը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին թույլ է տվել պահպանել երկրի պետական ամբողջականությունը: «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վճռական գործողությունները խափանել են ապակայունացման պլանները, այդ թվում ՝ ՀԱՊԿ — ի խաղաղապահ զորակազմ հրավիրելու նրա որոշումը», — ասել է Կարինը: Պետքարտուղարը նշել է, որ իրավիճակը կրիտիկական էր, ուստի պետք էր ձեռնարկել կոշտ և վճռական գործողություններ։

«ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի ներգրավումը խափանել է ապակայունացման այդ բոլոր ծրագրերը։ Խաղաղապահ զորակազմի ներգրավման շնորհիվ հաջողվել է իրավապահ մարմինների ուժերը կենտրոնացնել հակաահաբեկչական գործողության իրականացման վրա», — պարզաբանել է պետքարտուղարը՝ նշելով, որ դա «թույլ է տվել պաշտպանել պետական ամբողջականությունը»: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմը ներգրավված է միայն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության համար: «Խնդիրը միայն իրավակարգի պահպանումը չէր։ Խնդիրը պետության պահպանումն ու պաշտպանությունն էր։ Այդ գործողությունների շնորհիվ հունվարի դրամատիկ օրերին մենք կարողացանք միասին պահպանել մեր պետությունը», — նշել է Կարինը ՝ խոսելով ՀԱՊԿ ուժերի ներգրավման մասին։

Ընդ որում, ինչպես ընդգծել է պետքարտուղարն իր Telegram-ալիքում, ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմը գործի կդրվի Ղազախստանի ոչ բոլոր տարածաշրջաններում: «Ինչպես արդեն բազմիցս ասվել է, ՀԱՊԿ առաքելությունը բացառապես խաղաղարար է և նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար։ Իրավիճակի կայունացումից հետո ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի մեր երկրից։ Ընդ որում, ՀԱՊԿ ուժերը կլինեն ոչ բոլոր տարածաշրջաններում։ Նրանք ապահովելու են կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը», — տեղեկացրել է Կարինը։

Հիշեցնենք, հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել։ Արդեն մի քանի օր անց այն վերաճեց զանգվածային անկարգությունների և իշխանությունների վրա հարձակումների՝ երկրի բազմաթիվ քաղաքներում։ Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհեր։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնության խնդրանքով դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Խաղաղապահներն արդեն ձեռնամուխ են եղել Ղազախստանում խնդիրների կատարմանը։ Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ին երկրում սահմանադրական կարգն ընդհանուր առմամբ վերականգնվել է։ Տոկաևը հունվարի 10-ը հանրապետությունում հայտարարել է համազգային սգո օր։

wp-apeth