Շուտով կիրառության մեջ կդրվի ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ լայթը». այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Շուտով կիրառության մեջ կդրվի ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ լայթը». այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Հայաստանում առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ՝ այսինքն խթանիչ դեղաչափ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ դեկտեմբերի 6-ին «Լիկվոր» դեղագործական ընկերությունում շրջայցից հետո հայտնեցին ՀՀ առողջապահության էկոնոմիկայի նախարարները: «Շատ ուրախալի է, որ ՀՀ-ում դեղագործական արտադրությունը ևս մեկ քայլ, շատ մեծ քայլ առաջ է գնում, իր ներուժն իրացնում է»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: «Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»,-ասաց նախարարը:

Հայաստանում «Սպուտնիկ Լայթը»-ը հանդիսանում է երրորդ խթանիչ դեղաչափ՝ ոչ միայն Sputnik V-ի երկու դեղաչափ ստացած, այլ նաև այլ պատվաստանյութերի երկու դեղաչափ ստացած անձանց համար:

«Բավականին երկար ճանապարհ անցանք Առողջապահության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, «Լիկվոր» ընկերության, ինչպես նաև ռուս գործընկերների հետ: Համբերատար կերպով այդ ճանապարհն անցնելուց հետո եկանք, հասանք նրան, որ արդեն ունենք ՀՀ-ում արտադրված և բոլոր հսկողական չափանիշներն անցած պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա»,-ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեց, որ շատ ուրախ են նախարարությունների և ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ ՀՀ-ում պատվաստանյութի արտադրությունը իրականություն դարձնելու համար: «Մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք:  Ռուսական կողմի հետ, ըստ մեր պայմանագրի, կատարվել է տեխնոլոգիական տրանսֆեր, այսինքն արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, մեր ընկերությունը վերարտադրել է այս պատվաստանյութը, ներդրումներն արվել են մեր ընկերության կողմից: Սա կարևոր հաջողություն էր թե մեր ընկերության, թե մեր երկրի համար»,-ասաց նա:

Ընկերությունը ռուսական արտադրական կողմից ստացված մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնային ռեժիմի տակ պահպանում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ գործընթացը սկսելիս նկատի են ունեցել նաև արտահանման հնարավորությունները, որը կբազմապատկի արտադրանքի ծավալները: Այսօր դեռևս արտահանման պայմանագրեր չկան, բայց մի շարք երկրների հետ կան քննարկումներ: «Հիմա արդեն Մերձավոր Արևելյան մի շարք երկրների հետ բանակցություններ գնում են, քննարկվում է նաև որոշ աֆրիկյան երկրներ արտահանելու տարբերակը: Վստահ ենք, որ այս ամենը ռուս գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ շուտով հնարավոր կդառնա»,-ասաց Քերոբյանը:

wp-apeth