Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների` մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը: Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:

Փոխնախարարը նշել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր` էլեկտրամոբիլների ձեռքբերման եւ դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար:

2019 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, տեղադրվել  եւ շահագործվում են շուրջ 45 լիցքավորման կայաններ:

«Ներկայում Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից  եւս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրոնային շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Կառավարության համար ձեռք բերել 1 տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ եւ լիցքավորման կայաններ»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

wp-apeth