Կրկին ոսկի ու արծաթ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայաստանի օլիմպիադայի թիմը կրկին փայլուն արդյունք է ցույց տվել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից:
«Օրերս կայացած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայում Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև հատուկ դիպլոմի՝ «Տվյալների վերլուծության» փուլում ամենալավ արդյունքը ցույց տալու համար։ Վերջինս ոսկե մեդալի էր արժանացել նաև անցած տարի։ Քվանտ վարժարանից Դավիթ Գյուլամիրյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են պատվոգրեր։Օլիմպիադան անցկացվել է Կոլումբիայում նոյեմբերի 14-21-ը առցանց։ Օլիմպիադային մասնակցում էին 49 երկրի 298 մասնակից։
Նշենք, որ համաձայն ավանդույթի՝ օլիմպիադային ընդառաջ Հայաստանի թիմի մասնակիցներն այս տարի ևս հյուրընկալվել էին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)։ Թիմի հետ հիմնականում աշխատել են աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամ, Ֆիզմաթ դպրոցի աստղագիտության ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ԲԱ նախկին գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը։ Թիմին աջակցել են Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը և Հայաստանում Աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Հակոբյանը։ Հետաքրքիր է, որ աստղագիտության օլիմպիադայի Հայաստանի մասնակիցներն ամենից մեծ հաջողություններ են գրանցում միջազգային հարթակներում՝ թեպետ «Աստղագիտությունը» դպրոցական ծրագրի առանձին առարկա չէ»,- ասված է հաղորդագրությունում: