Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է
2018 թվականի նոյեմբերի 15-ի տվյալներով, Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 592 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 20 723, 2020 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 22 279, իսկ այս տարվա՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 23 827 արտադրական վտանգավոր օբյեկտ: Վերջին երեք տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 21,6 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 6,9 տոկոսով: Տարեսկզբից մինչ նոյեմբերի կես, Հայաստանում գրանցվել է 1 319 ԱՎՕ՝ կարուսել, օդափոխության համակարգ, պայթուցիկ նյութերի ոչ պայթունավտանգ բաղադրիչների տեխնոլոգիական հոսքագիծ, թթվածնի պահեստարան, օգտագործված անվադողերի պիրոլիտիկ վերամշակման տեղամաս, հեղուկ վառելիքի պահպանման տեղամաս, գազային վառելիքի պահպանման տեղամաս, հեծանային կռունկ, բենզալցակայան, սառեցման համակարգ, քսուկահովացնող հեղուկի գոլորշիների վերամշակման կայան, հեղուկ ալյումինի պահպանման վառարանների տեղամաս եւ այլն, նշված է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթում:
Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:
Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2021 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 500-ը ապամոնտաժվել է, ավելի քան 900-ը՝ կոնսերվացվել, ավելի քան 100-ը՝ չի շահագործվում: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8400) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, մոտ 700 կոմպրեսոր, մոտ 500 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, նույնքան սառնարան կամ սառնարանային տնտեսություն, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:
Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 320 միավոր: