ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Կապանում՝ ընտրողների 63․48 %-ը
ՀՀ 5 համայնքներում երեկ կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները, ըստ որի՝ ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 31 010-ը կամ 47․40 տոկոսը:
Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների` 63․48 տոկոսը:
Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37․43 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից 5017 ընտրող է մասնակցել, կամ 38․30 տոկոսը:
Լերմոնտովո համայնքում 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28․87 տոկոսը: Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25․39 տոկոսը:
Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ՝ Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում նաև համայնքի ղեկավարի ընտրություններ են եղել։
Կապանում ընտրություններին մասնակցել են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Դավիթ Դանիելյանը։
Իջևանում ընտրություններին մասնակցել են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում էր Արթուր Ճաղարյանը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Արմեն Գրիգորյանը։