Աշոցքի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու 4 պաշոնատար անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Աշոցքի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու 4 պաշոնատար անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ դատախազության կողմից որդեգրված ապօրինի անտառահատումների դեմ պայքարը՝ հատկապես դրան մեծապես նպաստող պաշտոնեական հանցագործությունների բացահայտման և անտառային ֆոնդի պահպանության իրենց պարտականությունների կատարման մեջ դիտավորությամբ կամ անփութությամբ հանցավոր կերպով թերացած պաշտոնատար անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլ իրավապահ մարմինների հետ լայն թափով շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև ՀՀ Շիրակի մարզում, հայտնում են ՀՀ դատախազությունից:

«Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից իր լիազորություններն իրացնելիս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու մասին հայտնաբերված տվյալների կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2021թ. սեպտեմբերի 3-ին հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի Աշոցքի անտառապետության անտառապետը, ինժեները, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահները, ի պաշտոնե պարտավոր են եղել, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում, իրականացնել անտառպետության ղեկավա­րումը, հսկել ան­տառ­պետությունում իրականացվող աշխատանքները, կան­խար­գելել անտառպե­տութ­յունում, իրենց վստահված պահաբաժիններում ՀՀ անտառային օրենսդրության բոլոր տեսակի խախտումները, ժամանակին հայտնաբերել դրանք, ար­ձա­նագրել և սահմանված կարգով ընթացք տալ, հսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ, պարբերաբար կատարել շրջայցեր պահաբաժիններում, անտառապահների պարագայում՝ ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերը, հսկողութ­յուն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ և այլն:

Սակայն ան­բարե­խիղճ և անփույթ վերաբեր­մունք դրսևո­րելով իրենց ծառա­յութ­յան նկատմամբ՝ նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները: Մասնավորապես, նշված անտառպե­տութ­յունում պար­բերաբար շրջայցեր չեն իրակա­նաց­րել, չեն կազմել շրջայցերի, անտառախախտումների վերաբերյալ արձանա­գրություններ, ինչի արդյուն­քում 2020թ. հոկտեմբերից մինչ 2021թ. մայիս ընկած ժամանակահատվածում Աշոցքի անտառպետության թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների տարածքներում ապօրինի հատ­վել է ընդհանուր 351 հատ տար­բեր չափերի սոճի տեսակի ծառ: Դրա հետևանքով կազմակերպության և պե­տութ­յան իրա­վունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հե­տևանք հանդիսացող՝ ընդհանուր ավելի քան 7մլն ՀՀ դրամի վնաս:

Հետագայում՝ գարնանային ստուգումների ժամանակ, հիշյալ հատված ծառերի կոճղերը հայտ­­նաբերվել և արձանագրվել են «Հայան­տառ» ՊՈԱԿ «Գյումրիի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կող­մից:

Այս հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել Աշոցքի անտառապետության անտառապետին, ինժեներին, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահներին:

Նախաքննությունն ավարտվել է, դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննության առնելու համար 4 անձի վերաբերյալ մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

ՀՀ դատախազությունը հընթացս կներկայացնի նաև հանրապետության՝ անտառային լանդշաֆտ ունեցող այլ մարզերում ապօրինի անտառահատումներին հանգեցնող պաշտոնեական հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդյունքները»,- նշված է հաղորդագրությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth