Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը

Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին:

«Թեպետ ռազմական գործողությունները դադարել են, սակայն դեռևս կան շատ հրատապ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի շարժվել դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում: Մենք մասնավորապես կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, լիարժեքորեն համագործակցել  ականազերծման հարցում և սահմանային հատվածներում թուլացնել լարվածությունը:

Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ՝ խթանելու  խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում, և այն ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինությանն ու հակամարտությանը հաջորդող վերականգնմանը նպաստելու գործընթացներում: Այն կարևոր դերակատարում է ունեցել գերիների ազատ արձակման և ականապատ տարածքների քարտեզները տալու գործում»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ:

Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հակամարտության հետևանքով տուժած անձանց աջակցել է ավելի քան 17 մլն եվրոյի հումանիտար օգնության միջոցով: Պետեր Ստանոն նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու սահմանային լարվածության թուլացմանն ու դելիմիտացիային՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկական օգնություն, միաժամանակ կառույցը քաջալերում է Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերսկսումը:

«Նայելով ապագային, անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ վերջ տալու ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանն ու տառապանքին: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն շարունակելու է ակտիվ շփման մեջ լինել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և լիարժեքորեն աջակցում է նրանց իրենց մանդատն իրականացնելու գործում՝ աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման նպատակով»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

wp-apeth