«Պատվաստումային օրը» Գյումրիում իրականացվել է շուրջ 400 պատվաստում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ: Նախարարը ներկա է գտնվել «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում պատվաստումային գործընթաց էր կազմակերպված:
Այցի ընթացքում Անահիտ Ավանեսյանին ընկերակցել է նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, ով այցից հետո իր տպավորություններով կիսվել է թվիթերում:
«Այսօր միացել էի առողջապահության նախարարին՝ ներկա գտնվելու նախարարության կազմակերպած պատվաստումային արշավին: Տպավորված եմ գյումրեցիների՝ պատվաստվելու պատրաստակամությամբ»,-նշել է դեսպանը:
Անահիտ Ավանեսյանը զրուցել է գյումրեցիների հետ՝ համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակի մասին և շնորհակալություն հայտնել նրանց՝ պատվաստումային գործընթացքում ակտիվ մասնակցության համար:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ: Նշենք, որ «Պատվաստումային օրը» Գյումրիում իրականացվել է շուրջ 400 պատվաստում: