Բարելավվել և պարզեցվել են սոցփաթեթի շահառու դառնալու պայմանները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի իրացման շարունակականության ապահովման, սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով: Որոշմամբ նախատեսվում են լայնածավալ փոփոխություններ, որոնցով, մասնավորապես, առաջարկվում է սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացնել նոր ուղղություններով, որոնցով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարների մարմանը, պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարների մարմանը:
Մեկ այլ փոփոխությամբ շահառուին հնարավորություն կտրվի սոցփաթեթի միջոցների հաշվին օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարման ծառայություններից: Նախատեսվում է նաև հանել սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության վերաբերյալ կարգավորումը։ Արդյունքում՝ սոցփաթեթի շահառուները կամ նրանց ընտանիքի անդամները կարող են սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն ներկայացնել նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Բարելավվել և պարզեցվել են սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթի շահառու դառնալու պայմանները, և հանվել է սոցփաթեթի շահառու կազմակերպությունում անընդմեջ վեց ամսվանից պակաս՝ առնվազն կես դրույքով (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի 50 տոկոսով) աշխատանքային ստաժ ունենալու միաժամանակյա պայմանը։ Առաջարկվել է ընտանիքի անմիջական անդամ համարել նաև շահառուի ծնողին, որդեգրողին, որդեգրվածին, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձին, տատին, պապին, թոռանը, համատեղ բնակվող` եղբորը, քրոջը։
Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկվում է, որ եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի (տեղափոխվի) մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան։ Նախատեսվել են նաև մանրամասն ընթացակարգային կարգավորումներ, որով հնարավոր կլինի շարունակականորեն ապահովել սոցփաթեթի շահառուների սոցփաթեթից օգտվելու իրավունքը: Հարկ է նկատել, որ նման հնարավորություն գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուները չունեն, և նշված դեպքում՝ կարողանում են օգտվել սոցփաթեթի իրավունքից միայն տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից:
Կընդլայնվի ուսման վճարի մարման ծառայությունը՝ նախատեսելով, որպեսզի սոցփաթեթի միջոցներից հնարավոր լինի փոխանցումներ կատարել նաև այն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են նախադպրոցական կրթական ծրագրեր։ Այսինքն՝ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի միջոցները փոխանցել նաև, օրինակ, իրենց զավակների նախակրթարանների կամ մանկապարտեզների ծառայությունների վճարմանը։