Ի՞նչ ընթացակարգով է Գյումրիի նոր ավագանին քաղաքապետ ընտրելու. մեկնաբանում է սահմանադրագետը

Ի՞նչ ընթացակարգով է Գյումրիի նոր ավագանին քաղաքապետ ընտրելու. մեկնաբանում է սահմանադրագետը

Համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը կարգավորվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով. ըստ այդմ, համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է անցկացվեն ավագանու առաջին նիստի ընթացքում, իսկ վերջինն անընդհատ է անցկացվում՝ ընդմիջում լինում է բացառապես հանգստի նպատակով, եւ շարունակվում է այնքան, մինչեւ համայնքի ղեկավար է ընտրվում: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքի ղեկավարի ընտրության ընթացակարգին:

Սահմանադրագետի մեկնաբանությամբ՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքներով մասնակցած քաղաքական ուժերից մեկը ստանում է ավագանու ընդհանուր տեղերի 50%-ից ավելին, ապա տվյալ ուժի համամասնական ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է համայնքի ընտրված ղեկավար:

«Քանի որ այս պահին չունենք ավագանու տեղերի ընդհանուր թվի 50%-ից ավելին ստացած ուժ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում բաց քվեարկությամբ, որի ժամանակ ձեւավորված խմբակցությունները կարող են իրենց ցուցակների առաջին համարներին ներկայացնել որպես համայնքի ղեկավարի իրենց թեկնածու, իսկ եթե առաջին համարը հրաժարվում է, ապա կարող են առաջադրվել ցուցակում հերթականությամբ հաջորդ թեկնածուները: Եթե մեկից ավելի թեկնածուներ են առաջադրվել, համայնքի ղեկավար է ընտրվում համայնքի ավագանու անդամների ընդհանուր ձայների մեծամասնությունը: Եթե թեկնածուներից որեւէ մեկն ընդհանուր ձայների մեծամասնությունը չի ստանում, ապա ամենաշատ թվով ձայներ ստացած երկու թեկնածուի միջեւ է քվեարկություն անցկացվում: Եթե այս փուլում ձայները հավասարաչափ են բաշխվում, ապա լրացուցիչ քվեարկություն է անցկացվում, որի դեպքում ձայների մեծ մասը ստացած թեկնածուն է ընտրվում համայնքի ղեկավար, եթե էլի ձայները հավասար են բաշվում, ապա ընտրվում է տարիքով ավագ թեկնածուն»,- նշեց Մելոյանը:

Կա նաեւ այլ տարբերակ՝ մեկից ավելի խմբակցությունները, սահմանադրագետի խոսքով, կարող են մեկ թեկնածություն ներկայացնել եւ իրենց ձայնը նրան տալ:

«Այս պարագայում ոչ թե ավագանիում խմբակցություն ձեւավորած ուժեը կոալիցիա պետք է կազմեն, այլ կարող են համաձայնության գալ այս կամ այն ուժի թեկնածուին աջակցելու եւ նրա օգտին քվեարկելու հարցում»,- նկատեց Մելոյանը:

Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Բալասանյան» դաշինքը ստացել է  ձայների 36․58 տոկոսը,  ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։

wp-apeth