Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ ևս չընտրվեց
ՀՀ ազգային ժողովը երկրորդ անգամ ևս Իշխան Սաղաթելյանին չընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ, կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ քվեարկությամբ չէր ընտրվել, չէր բավարարել մեկ ձայն: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայները, որ Սաղաթելյանն ընտրվի: «Հայաստան» խմբակցությունից մեկ պատգամավոր հանրապետությունում չէր և, հետևաբար չէր մասնակցել քվեարկությանը: ՔՊ-ից վստահեցրին, որ իրենք քվեարկելիս հաշվի են առել նաև բացակա պատգամավորի հանգամանքը՝ ավելացրել են քվեարկողների թիվը, որ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը:
«Հայաստան» խմբակցությունն էլ իշխանությանը հիշեցրեց իրենց երկու կալանավորված գործընկերների մասին, որոնք կալանավորված լինելու բերումով զրկվել են քվեարկությանը մասնակցելու իրավունքից:
Ընդդիմությունը երկրորդ անգամ կրկին առաջադրել էր Սաղաթելյանի թեկնածությունը:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: