«Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ». Էլբակյան
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ Տավուշի մարզում ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտեզի հիման վրա «gps»-ային սահմանագծում անցկացնելու դեպքում
- Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը՝ պետական հեղինակության գահավիժման և ազգային ինքնության քայքայման կանխատեսելի հետևանքներով,
- Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա,
- Այս 6 գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,
- Ոսկեպար գյուղը կարող է «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ ամբողջությամբ հանձնվել Ադրբեջանին՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և նախկին Վերին Ոսկեպար անկլավի միջև,
- Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, քանի որ դեպի այդ գյուղեր իրական ճանապարհ մենք չենք ունենալու,
- Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի 2.05 կմ հատված անցնելու է Ադրբեջանին, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում
Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ»,- գրել է Էլբակյանը: