Փոխհատուցում է ստացել ևս 16 զոհված զինծառայողի ընտանիք
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն հունիսի 11-ի դրությամբ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տարածած հաղորդագրությունը.
«Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 16 հերոս զինծառայողների ընտանիքներ և մեկ 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած հերոս հատուցումներ են ստացել։
Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը հունիսի 11-ի դրությամբ 3803-ն է, որից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1453 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով։
Հարկ ենք համարում շեշտել, որ տվյալ տեղեկատվությունը մշտապես ենթակա է փոփոխման (նվազում և ավելացում)՝ կապված նոր հատուցումների և Կամուրջ ծրագրի ներքո հատուցվող զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիշեցնում ենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով և, այնուհետև, 20 տարի շարունակ` ամսական 200,000 — 300,000 դրամ։
2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, ապա 20 տարի շարունակ` ամսական 100,000 — 200,000 դրամ։
Երկու դեպքում էլ 100,000 ՀՀ դրամի տարբերությունը կապված է զինվորական ծառայության տեսակի կամ կոչման հետ»։
Այն դեպքում, երբ զինծառայողն ունի երեք և ավելի անչափահաս երեխա, տրամադրվող ամսական գումարն ավելանում է 100,000 ՀՀ դրամով»։