«Ամենավատն անորոշությունն էր, սարսափելի է». Վարդան Բիչախչյանի հարցազրույցը

«Ամենավատն անորոշությունն էր, սարսափելի է». Վարդան Բիչախչյանի հարցազրույցը

Հայաստանի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, Գյումրու «Շիրակը» կմրցի Վանաձորի «Լոռիի» հետ: Թիմերը վերջին անգամ պաշտոնական հանդիպում անցկացրել են մարտի սկզբին՝ մինչև հարկադրված դադարը: Մրցավեճը, ինչպես նաև մյուս խաղերն անցնելու են առանց հանդիսականների: «Շիրակը» մարզումները վերսկսել է ապրիլի վերջին և այս ընթացքում հասցրել է ստուգողական երկու հանդիպում անցկացնել: Թիմի մարզավիճակի ու մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի հետ:

  • Վերջին շրջանում ամենահաճախ տրվող հարցը: Ինչպե՞ս էր օրն անցնում առանց ֆուտբոլի:
  • Մարզիչների գործը չի սկսվում ու սահմանափակվում խաղադաշտում: Մեծ մասը գրասենյակում ու տունն է համակարգչի առաջ. խաղերի դիտում, ուսումանսիրություն, վերլուծություն: Բացի պրակտիկ մարզումից ու խաղերին մասնակցելուց մեծ հաշվով մեզ մոտ փոփոխություններ չի եղել: Գոնե ինձ մոտ նույն աշխատանքային ռեժիմն էր:
  • Տարբերությունը մե՞ծ է, երբ թիմը վերադառնում է, օրինակ, ձմեռային արձակուրդից և վերադառնում է նման հարկադրված արձակուրդից:
  • Ստեղծված իրավիճակում ամենավատն անորոշությունն էր, սարսափելի է: Չգիտես երբ, չգիտես ինչ, չգիտես երբ ես խաղալու: Դժվար է նաև ֆուտբոլիստներին տրամադրելը, բայց տղաները լավ տարան,  գիտակցում էին ու հավատացին, որ հեռու չէ այն օրը, թե երբ է առաջնությունը վերսկսվելու, որ այս ամեն ինչը անցողիկ է: Ճիշտ է ամբողջ աշխարհում երևի չեղավ բնագավառ, որ չտուժեր, սակայն առաջնայինը մարդկանց առողջությունն է և մնացածը դառնում է երկրորդական: Մյուս կողմից հասկանում ես, որ ուշ թե շուտ պետք է վերադառնաս բնականոն կյանքի:
  • Շուտ չվերադարձա՞նք:
  • Եթե նայենք թվերին գուցե շուտ թվա, բայց մյուս կողմից դժվար է կանխատեսել այն օրը, երբ պաշտոնապես կհայտարարեն, որ կորոնավիրուսով հիվանդ այլևս չկա երկրում: Իմ պատկերացմամբ ուշ թե շուտ բոլորս էլ դրա միջով անցնելու ենք: Ստեղծված իրավիճակում կարծում եմ պետք է փորձենք պարզապես նվազագույնի հասցնել վարակի տարածումը՝ հետևելով հիգիենայի ու բոլոր այն կանոններին, որոնք կօգնեն հաղթահարել բարդ իրավիճակը:
  • Ֆուտբոլիստների մոտ կա՞ վախ:
  • Չեմ կարծում, որ կա մեկը, որը չմտածի ու կամ մի փոքր չվախենա: Մեկ կարևոր հանգամանք. մենք չպետք է միայն մեր մասին մտածենք: Ունենք ծնողներ, հարազատներ, բարեկամներ, երեխաներ: Գիտենք, որ վիրուսը վտանգավոր է հատկապես մեր մեծերի համար: Այս տեսանկյունից իհարկե վախ կա ու պետք է շատ զգույշ լինել: Մյուս կողմից խոսում ենք թիմային մարզաձևի մասին և առանց համատեղ մարզումների հնարավոր չէ: Կարևորն այն է, որ բոլորն էլ գիտակցում են պահի լրջությունը: Չնայած նրան, որ ռիսկային մասը մեծ է պետք է մարզվել իհարկե հետևելով բոլոր միջոցառումներին, որոնք առաջարկում է առողջապահության նախարարությունը: Նշեմ, որ այս ընթացքում ակադեմիայի շենքից մեծ հաշվով չենք օգտվում, քանի որ վտանգավոր է փակ տարածությունում հավաքվելը: Ջերմաչափումներ ենք պարտադիր անում, ախտահանիչ նյութեր ենք օգտագործում: Տղաներին նաև կոչ ենք անում, որ մարզումային պրոցեսից դուրս նույնպես փակ տարածություններում շատ մարդկանցով չհավաքվեն, որպեսզի այստեղ էլ հնարավորինս բացառենք վարակվելը:
  • Ի՞նչ վիճակում է թիմը:
  • Բավարար վիճակում ենք: Երկու ստուգողական հանդիպում արդեն անցկացրել ենք: Բոլոր տղաներին էլ խաղալու հնարավորություն տվեցինք: Բացառությամբ մեկ-երկու խաղացողի, որոնք ամբողջական հանդիպում են անցկացրել, մյուսները ստացել են 45-60 րոպե խաղաժամանակ: Երկու խաղով դժվար է հստակ գնահատել վիճակը, բայց ամեն դեպքում գնահատում եմ բավարար: Առաջիկա խաղերում պարզ կդառնա, բայց այստեղ մեկ կարևոր հանգամանք կա: Բոլոր թիմերը կարելի է ասել նույն վիճակում են: Այսինքն այնպես չի եղել, որ մեկը մարզվել է, մյուսը՝ ոչ, կամ մի թիմ ստուգողական հանդիպում է անցկացրել, մեկ այլ թիմ դրա հնարավորությունը չի ունեցել: Թերևս միակ խնդիրն այս մասով կարծում եմ կապված է լեգեոներների հետ, որոնք մինչև սահմանափակումները վերադարձել են իրենց հայրենիք և այս ընթացքում չեն կարողացել միանալ թիմերին: Օրինակ այս պահին մեզ հետ չէ Ուրոշ Նենադովիչը, որը հարգելի պատճառով մեկնեց Սերբիա, նրա երեխային պետք է վիրահատեին: Խնդրեց, ակումբն ընդառաջեց, իսկ հետո իրադարձություններն այնպես զարգացան, որ սահմանները փակվեցին: Հուսով եմ՝ մոտակա օրերս նա կկարողանա վերադառնալ: Թիմեր կան, որ խաղացողներից մի քանիսն են դուրսը, նույնիսկ մարզիչներ կան, որոնք դրսում են:
  • Կորուստներ ունե՞ք:
  • Մարկո Պրլևիչն այս պահին չի մարզվում, վնասվածք ունի, մնացածը շարքում են:
  • Խաղերն անցնելու են առանց երկրպագուների: 
  • Դժվար է լինելու առանց նրանց: Նույնիսկ եթե խաղին ներկա են լինում քիչ թվով ֆուտբոլասերներ դա դեռ ոչինչ չի նշանակում: Մարդիկ իրենց կյանքից ժամանակ են հատկացնում ֆուտբոլին, հետևաբար յուրաքանչյուր նորմալ մտածող ֆուտբոլիստ և մարզիչ պետք է հաշվի նստի այդ փաստի հետ: Պարտավորեցնող է, եթե մարդն եկել է, ապա դու նրա համար հետաքրքիր ես: Կոնկրետ թիմի խաղը նրան հետաքրքիր է: Չպետք է նայել, թե քանի հոգի է մարզադաշտ գալիս: Մեր դրսի խաղերին քիչ թվով ֆուտբոլասերներ են ներկա լինում, բայց մարդիկ անմնացորդ երկրպագում են ամբողջ հանդիպման ընթացքում: Այդ ամենը լսում ես, նստվածք է տալիս, զգում ես աջակցությունը, ուժ է տալիս ու դա շատ կարևոր է: Հուսով եմ՝ մեր երկրպագուները ըմբռնումով կմոտենան չնայած նրան, որ վստահ եմ նրանցից շատերը կաջակցեն թիմին «Գորկի սադի» պատերին կանգնած, ծառերի վրայից ու հարակից այն վայրերից, որտեղից խաղադաշտն երևում է:
  • Վերջին խաղում «Շիրակը» սկզբունքային խաղում պարտվեց չեմպիոնին: Կարելի է ենթադրել, որ թիմը մոռացել է այդ հանդիպման մասին:
  • Թիմի խաղից դժգոհ չմնացի, կարող էինք նաև հաղթել: Հիշում եմ նաև իմ հետխաղյա ասուլիսը: Նշեցի, որ տպավորությունն այնպիսին էր, որ այն թիմը, որ կխփեր առաջինը, այդ թիմն էլ կհաղթեր: Առջևում դեռ 11 հանդիպում ունենք ու պետք է առաջ նայել: Առաջին տեղից հետ ենք հինգ, երկրորդ տեղից՝ երկու միավորով: Պետք է շատ արագ մոռանալ նման հանդիպումները իհարկե վերլուծելով ու հետևություններ անելով: Եթե ամեն պարտությունից հետո մտածենք դրա մասին, ապա հեռուն չենք գնա:
  • Այդ ժամանակ թիմն իր լավագույն մարզավիճակո՞ւմ էր:
  • Առավելագույն վիճակում չէր, բայց լավ վիճակում էր: Դրանից առաջ «Նոայի» հետ խաղում շատ լավ տեսք ուներ Էդգար Մալաքյանը, որը չմասնակցեց «Արարատ-Արմենիայի» հետ խաղին: Դեռ իր լավագույն մարզավիճակում չէր Ուրոշ Նենադովիչը: Երկուսն էլ մեզ համար մեծ ուժ են ներկայացնում: Հարձակման գծում խաղ կառուցող տղաներից են:
  • Թիմի հետ է առաջնության լավագույն ռմբարկու Կոնեն ու դա արդեն վատ չէ:
  • Երկու ընկերական խաղ ենք անցկացրել, Կոնեն երկուսում էլ աչքի ընկավ: Հուսով ենք՝ դադարը չի ազդել նրա գոլային հոտառության վրա և նա կշարունակի գոլեր խփել ու օգնել թիմին:
  • Ճի՞շտ է, որ մինչև «Շիրակ» տեղափոխվելը Կոնեն ավելի շատ եզրից է գործել:
  • Նախկին թիմերից մեկում նրան օգտագործել են եզրում, բայց նա իրեն լավ է զգում նաև կենտրոնական հարձակվողի դիրքում: Նրա հայրենիքում նույնպես խաղացել է կենտրոնում և եթե չեմ սխալվում նրա թիմը եղել է աուտսայդերներից մեկը, բայց նա կրկին աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ ու դարձել է առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը:
  • Ի՞նչը կարող է խանգարել թիմին առաջիկա խաղում:
  • Ֆուտբոլի հանդեպ կարոտը կարող է մի փոքր խանգարել, բայց հուսով եմ ճիշտ կմոտենանք ու կտրամադրվենք խաղին, որպեսզի ավելորդ էմոցիաները չազդեն մեր խաղի վրա:
  • Առաջնության ձևաչափը չփոխվեց: Ճի՞շտ եք համարում նման որոշումը:
  • Միանշանակ, ինչի մասին է խոսքը: Իսկ ինչո՞ւ պետք է փոխվեր ձևաչափը:
  • Իսկ ինչո՞ւ էր ընդհանրապես խոսվում ձևաչափը փոխելու մասին:
  • Լավ կլինի հարցը տաք նրանց, որոնք ցանկություն ունեին ձևաչափը փոխելու կամ մեկի հաշվին մյուսին լավություն անելու: Ի սկզբանե բոլորը իմացել են ձևաչափի մասին, իմացել են, հնարավորություն ունեցել իրենց կարծիքը հայտնելու, ունեցել են, հնարավորություն ունեցել են չհամաձայնելու կամ ինչ-որ քայլեր ձեռնարկելու, երբ դեռ առաջնությունը չէր սկսվել, ունեցել են: Ես հիշում եմ ասուլիսներից մեկի ժամանակ խոսել եմ ձևաչափի մասին ու ասել եմ, որ այն ինքն իրենով վատը չէ, բայց անհամաչափություն կա: Խաղալ հանդիպումների 60-70 տոկոսը ու հետո փորձել ձևաչափ փոխել անընդունելի ու անիմաստ եմ համարում:
  • Կարելի՞ է ասել, որ ձևաչափը չարդարացրեց:
  • Այո:
  • Շատ երկրներում դեռ ընթացիկ առաջնությունը չվերսկսած մտածում են նաև գալիք մրցաշրջանի մասին:
  • Սրա հետևանքները երկու-երեք ամիս հետո մենք նոր տեսնելու ենք իմ կարծիքով: Գործազրկություն, ֆինանսական ճգնաժամ, բիզնեսներ են տուժելու: Չի բացառվում, որ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն նաև նրանք, որոնք ֆուտբոլային աշխարհում են ներդրումներ անում, ակումբներ ունեն: Պետք է դեռ հասկանալ, թե գալիք առաջնությանը քանի թիմ է մասնակցելու, Առաջին խմբից քանի թիմ է միանալու: Նման հարցերը կարգավորելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել ձևաչափի մասին: Կարծում եմ կլինեն քննարկումներ, ակումբներից յուրաքանչյուրը կհայտնի իր տեսակետն ու դիրքորոշումը: Ամեն դեպքում, դեռ պետք է վերսկսել ու ավարտին հասցնել ընթացիկ առաջնությունը:

Հայտնի է 18-րդ տուրի խաղացանկը: Հետագա տուրերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից:

wp-apeth