Հայաստանում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր

Հայաստանում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր

Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից», հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բուժումը շարունակելու նպատակով շտապօգնության մենքենաներով վերջիններս տեղափոխվել են Երևան: Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին զգուշացնում է.

  1. • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
  2. • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
  3. • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
  4. • սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
  5. • չուտել հում սունկ,
  6. • երեխաներին չկերակրել սնկով,
  7. • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
  8. • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
  9. • թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
  10. • չզբաղվել ինքնաբուժմամբ։
wp-apeth