Աշխարհը թուլացնում է կարանտինային ռեժիմը. Ե՞րբ կնահանջի համավարակը

Աշխարհը թուլացնում է կարանտինային ռեժիմը. Ե՞րբ կնահանջի համավարակը

Աշխարհի շատ երկրներ կամաց-կամաց դուրս են գալիս կարանտինային ռեժիմից, սակայն ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճը ցույց է տալիս, որ դեռ վաղ է խոսել համավարակի ավարտի մասին: Ամեն դեպքում մոտակա ժամանակահատվածում նման բան պետք չէ սպասել, գրում է CNN-ը:

Թվերը ցույց են տալիս, որ նոր դեպքերն ավելանում են ռեկորդային ցուցանիշներով: Դրանց մեծ մասն արձանագրվում են Լատինական Ամերիկայում ու Ասիայում. այն երկրներում, որտեղ չկարողացան վերահսկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, մասնավորապես խոսքը վերաբերում է Բրազիլիային, Մեքսիկային ու Հնդկաստանին:

Մյուս երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Հարավային Կորեայում և Ավստրալիայում, որտեղ հաջողվեց հասնել զգալի հաջողությունների համավարակի կանխարգելման կամ դրա տարածումը մեղմելու գործում, նոր բռնկումների արդյունքում հաստատված նոր դեպքերը ցույց են տալիս, թե որքան խոցելի կարող է լինել իրավիճակը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի շատ դեպքերով վերջին շրջանում աչքի են ընկնում մի շարք նահանգներ, հիմնականում երկրի հարավում: Այս ամենը ստիպում է իշխանություններին վերանայել իրենց ծրագրերն ու նոր կանոններ սահմանել: Կան նահանգներ, որտեղ օրական կտրվածքով ռեկորդային թվով մարդիկ են վարակվում այն բանից հետո, երբ որոշում է կայացվում անցնել բնականոն կյանքի:

Գերմանիայի մսի կոմբինատներից մեկում կորոնավիրուսի բռնկումից հետո իշխանությունները տարածաշրջանում սահմանփակումներ են կրկին մտցրել: «Toennies» գործարանի մոտ 1553 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Երեքշաբթի օրը նահանգի ղեկավար կազմը որոշել է Գյուտերսլո շրջանը, որտեղ ապրում է  360 հազարից ավելի մարդ, գալիք շաբաթ փակել: Տեղի մանկապարտեզներն ու դպրոցներն  արդեն փակ են, իսկ ռեստորանները, բարերն ու մարզասրահները նույնպես փակ կլինեն մեկ շաբաթով: Բաց տարածքներում կրկին չի թույլատրվում հավաքվել երկուսից ավելի մարդկանցով: Բռնկման արդյունքում երկրում կորոնավիրուսի վերարտադրվելու ցուցանիշը հասել է մինչև 2,88-ի, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ, վարակված վիրուսով, վարակում է միջինը 2,88 այլ մարդու: Գերմանիայում փորձում էին ցուցանիշը պահել 1-ից ցածր:

Հարավային Կորեայի առողջապահական ոլորտի ներկայացուցիչները, որոնք ինչ-որ առումով կարողացան աշխարհին տալ մոդել, թե ինչպես արձագանքել համավարակին, երկուշաբթի օրը հայտարարեցին, որ արդեն սկսվել է վարակի երկրորդ ալիքը: Այստեղ մասնագետները նշում են, որ վարակի առաջին ալիքն իրենց մոտ ավարտվել է ապրիլին, երբ նոր դեպքերի ցուցանիշը մեկ օրում հասել էր 10-ի: Մայիսի վերջին տեղի ունեցավ կտրուկ բռնկում: Օրական հայտնաբերում էին 30-ից մինչև 60 նոր դեպք: Ընդհանուր հաշվով Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացել է 281 մարդ:

Ավստրալիայում, որտեղ գրանցվել է մահվան 102 դեպք և վարակվածների թիվը գերազանցում է 7400-ը, Վիկտորիա նահանգում տեղի ունեցած բռնկումից հետո իշխանությունները կրկին խիստ սահմանափակումներ մտցրեցին: Վիկտորիա նահանգի պրոֆեսորներից Բրետ Սատոնը հայտարարել է, որ վերջին յոթ օրում իրենց մոտ գրանցվել 120 նոր դեպք: Վերջինս հավելել է, որ մարդիկ չեն հետևում իրենց խորհուրդներին սոցիալական հեռավորություն պահելու, հիգիենայի և սահմանափակ հավաքույթներ անցկացնելու առումով:

Բրազիլիայում, Մեքսիկայում և Հնդկաստանում պատմությունն այլ է: Այս երկրներում նոր դեպքերի թիվը շատ արագ է աճում: Բրազիլիայում, որտեղ նախագահ Ջեյր Բոլսոնարուն ոչ մեկ անգամ է խոսել վիրուսով վարակվելու ցածր ռիսկի մասին, վարակվածների թիվն օրական ավելանում է 20 հազարով, իսկ մահվան դեպքերը՝ հազարով: Բրազիլիան աշխարհում երկրորդն է վարակվածների թվով. 1,1 միլիոնից ավելի վարակված կա այստեղ, մահացել է 50 հազարից ավելի մարդ:

Երկուշաբթի օրը երկրորդ օրն անընդմեջ Մեքսիկայում գրանցվեց օրական կտրվածքով մահվան դեպքերի ավելի բարձր ցուցանիշ, քան Բրազիլիայում. 759 մահվան նոր դեպք և վարակվածների գրեթե հինգ հազար դեպք: Արդյունքում վարակվածների ընդհանուր թիվն երկրում անցավ 185 հազարը, իսկ մահացածների թիվը՝ 22500-ը:

Գրեթե նույն պատկերն է Հնդկաստանում, որտեղ վերջին ութ օրվա ընթացքում գրանցվել է 100 հազարից ավելի նոր դեպք: Ներկա պահին վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 440 հազարը, իսկ մահվան դեպքերը՝ 14 հազարը: Հնդկաստանում մարտի վերջից սկսեցին կիրառել սահմանափակումներ, բայց որոշ ժամանակ անց որոշեցին թուլացնել դրանք:

*Վարակվածների ու գրանցված մահվան դեպքերի տվյալները՝ Ջոն Հոպկինսի ինստիտուտի

wp-apeth