Համավարակը կարող է աղքատության մեջ թողնել ևս 120 միլիոն երեխայի Հարավային Ասիայում
Կորոնավիրուսային համավարակը կարող է աղքատության մեջ թողնել ևս 120 միլիոն երեխայի Հարավային Ասիայում, հայտնում է CNN-նը հղում անելով Յունիսեյֆին:
Հարավային Ասիայում բնակվում է աշխարհի բնակչության մոտ մեկ քառորդը: Վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում գնալով ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Միայն Հնդկաստանում հիվանդացել է ավելի քան 440 հազար մարդ:
Յունիսեյֆը հանդես է եկել «Կյանքը փոխվել է. Ինչպես է COVID-19-ը սպառնում Հարավային Ասիայի 600 միլիոն երեխայի ապագային» զեկույցով: Նշվում է, որ չնայած երեխաները չեն գտնվում ռիսկային խմբում, այնուամենայնիվ նրանք շատ լուրջ տուժում են համավարակի հետևանքներից, այդ թվում տնտեսական և սոցիալական առումով: Զեկույցում մանրամասն ներկայացվել է տարածաշրջանի ութ երկրում ստեղծված իրավիճակը: Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Նեպալում, Բութանում, Բանգլադեշում, Մալդիվներում և Շրի-Լանկայում, ըստ վերլուծությունների, 240 միլիոն երեխա արդեն ապրում են աղքատության մեջ, որտեղ այն իր մեջ ներառում է մի շարք գործոններ. առողջական վատ վիճակ, կրթության բացակայություն, սանիտարական վատ պայմաններ և աշխատանքի ցածր որակ: Համավարակը կարող է ևս 120 միլիոն երեխայի հասցնել նման վիճակի առաջիկա վեց ամսվա ընթացքում: