Փակել են երկու շինհրապարակ. Covid 19-ի նոր օջախ Պեկինում
CNN-ը, հղում անելով Պեկինի քաղաքային իշխանությունների հայտարարություններին, հայտնել է, որ վերջիններս ստիպված են փակել քաղաքի շինհրապարակներից երկուսն այն բանից հետո, երբ աշխատողներից երեքի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Հիվանդներին հայտնաբերել են մասսայական թեստավորման արդյունքում: Պեկինում որոշել են թեստավորել բոլոր նրանց, որոնք այցելել են տեղի սննդի մեծածախ շուկա կամ որևէ շփում են ունեցել նրանց հետ, որոնք եղել են շուկայում: Հիշեցնենք, որ Պեկինի Xinfadi շուկան հանդիսանում է քաղաքում վիրուսի բռնկման գլխավոր օջախը:
Նշվում է, որ քաղաքի 435 շինհրապարակում աշխատող 1622 աշխատակցի են թեստավորել: Նրանցից դեռ երեքի մոտ է հաստատվել կորոնավիրուս, իսկ այն շինհրապարակները, որտեղ վերջիններս աշխատել են, փակել են:
Հունիսի 1-ից Պեկինում արդեն գրանցվել է վարակման 236 դեպք: Դրանից առաջ 55 օր Չինաստանից հաստատված նոր դեպքերի մասին որևէ տեղեկություն չկար և կյանքն այնտեղ կարծես վերադառնում էր իր բնականոն հունին: Արտադրամասերն ու դպրոցները կրկին բացեցին, մարդիկ վերադարձան իրենց աշխատանքներին, հասարակական տրանսպորտն ու այգիները լցվեցին մարդկանցով:
Իրավիճակը կրկին վատացավ այն բանից հետո, երբ տեղի Xinfadi շուկայում հայտանբերեցին վարակվածներ: Հատկանշական է, որ վարակի նոր օջախը բռնկվեց երկրի ամենաանվտանգ քաղաքում և շատերի կարծիքով սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես կարող է վիրուսը հայտնվել այնտեղ, որտեղ կարծես այն հաղթահարել էին: