Վերջին յոթ օրում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 7 հազարից ավելի մարդ
Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 9 միլիոն, մահացել է 468 հազարից ոչ քիչ մարդ: Ըստ worldometers-ի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվն արդեն անցել է 9 միլիոնը՝ հասնելով 9,067,824-ի, մահացել է 471,040, բուժվել 4,850,718 պացիենտ:
- CNN-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի նահանգների գրեթե կեսը հայտնում են իրենց մոտ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թվի աճի մասին. կիրակի օրը ԱՄՆ-ում գրանցվել է 25 հազարից ավելի նոր դեպք: Մի շարք նահանգներում արձանագրում են օրական կտրվածքով թվերի առավելագույն աճ: Երկրի հարավից եկող հայտարարությունների համաձայն՝ ավելի շատ դրական ախտորոշում է նկատվում երիտասարդների շրջանում:
- Ըստ աղբյուրի՝ Լատինական Ամերիկայում վարակվածների ընդհանուր թիվն անցնում է երկու միլիոնը: Ամենատուժածն այս առումով Բրազիլիան է, Պերուն, Չիլին, Մեքսիկան ու Կոլումբիան: Վերջին յոթ օրում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 7 հազարից ավելի մարդ:
Վարակվածների թիվն՝ ըստ Ջոն Հոպկինսի ինստիտուտի
- Բրազիլիա՝ 1,083,341
- Պերու՝ 251,338
- Չիլի՝ 242,355
- Մեքսիկա՝ 180,545
- Կոլումբիա՝ 68,836
- Էկվադոր՝ 50,640
- Արգենտինա՝ 42,785
- Դոմինիկյան Հանրապետություն՝ 26,677
- Պանամ՝ 26,030
- Բոլոիվիա՝ 24,388
- Պեկինից հաղորդում են, որ օրական կարող են թեստավորել մինչև մեկ միլիոն մարդու: Թեստավորումների քանակն ավելացնում են՝ հույսով, որ կհաջողվի կանխարգելել համավարակի հետագա տարածումը:
- Գերմանիայում վարակվածների թիվն աճել է հիմնականում այն բանից հետո, երբ տեղի մսի կոմբինատներից մեկում վարակի բռնկում էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ գործարանի առնվազն 1331 աշխատակցի մոտ դրական ախտորոշում կա: