Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը

Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը

Կառավարությունն այսօր իր արտահերթ նիստում որոշում կայացրեց 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Այն կտևի մինչև հուլիսի 13-ը ժամը 17-ը: Այս որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում: Արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին:

Որոշումն ընդունվել է, մասնավորապես, հիմք ընդունելով այն, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում հունիսի 11-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 14669 դեպքերը, որոնցից 5466-ը` առողջացած, 245-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ hանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն՝ այստեղ:

wp-apeth